Բաժիններ՝

«Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

«Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ բլոգեր Նարեկ Մալյանի հետ ունեցած միջադեպի գործով խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Գործով Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,- ասաց Խաչատրյանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Երևան քաղաքի Ամիրյան փողոցում մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ:

Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:

Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Բերման ենթարկված անձինք բաց էին թողնվել: «Ռեստարտ» անդամների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես մի քանի երիտասարդ գետնից բարձրացրել են Նարեկ Մալյանին և նրան տեղափոխում են մի քանի տասնյակ մետր:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ դատապարտել էր Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու ցանկացած փորձ: Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել էր Փաշինյանը:

Մարտի 7-ին Նարեկ Մալյանը հարցաքննվել և ճանաչվել է տուժող:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս