Այն, որ Փաշինյանը կարող է հրապարակային այդ տոնով խոսել նախարարի հետ, մեղմ ասած, զարմանալի է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության նիստում երեկ տեղի ունեցած մի միջադեպ կարող էր ուղղակի լռության մատնվել, եթե իր մեջ խորքային շերտեր չպարունակեր: Արտաքուստ աշխատանքային խոսքուզրույց էր, դեմոկրատական կառավարությանը բնորոշ. առողջապահության նախարարը մի հարցի վերաբերյալ դժգոհություն հայտնեց, որ իրենց անտեսել են, վարչապետն էլ զայրացավ նրա վրա: Բայց…

Սկսենք վարչապետի տոնայնությունից: Այն, որ Փաշինյանը հաճախակի է դուրս գալիս ափերից ու հաճախ չի կարողանում զսպել իրեն, նորություն չէ: Դա նորություն չէ հատկապես իր հետ հաճախակի շփումներ ունեցողների համար:

Բայց որ կարող է հրապարակային այդ տոնով խոսել նախարարի հետ, մեղմ ասած, զարմանալի է: Կրկնում ենք՝ խոսքը դիտողություն անելու մասին չէ, ղեկավար-ստորադաս առանձին, «տետ ա տետ» շփման մասին չէ, այլ ոճի ու տոնայնության, այն էլ՝ հրապարակային:

Քիչ չեն այնպիսիք, որոնք տեղում հրաժարական կտային՝ սոսկ արժանապատվությունից ելնելով: Բայց գուցե պաշտոնը քաղցր բան է: Հաջորդը: Այս դիպվածը ցույց է տալիս, որ կառավարությունը երկու ոտքով կաղում է համակարգվածության առումով:

Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ ամեն նախարար փորձում է իր պատկերացումներն առաջ տանել: Նշել ենք նաև, որ Արսեն Թորոսյանը հիանալի տիրապետում է PR արվեստին և կարողանում է իր ամեն քայլը գրագետ ներկայացնել: Իհարկե, ցանկացած նախարար իր ոլորտի պատասխանատուն է, և շատ լավ է, որ նախաձեռնող է, այլ ոչ միայն կատարող: Սակայն նախարարն ու նախարարությունը առանձին կառավարություն չեն կառավարության մեջ: Նրանք պետության քաղաքականության իրագործողն են իրենց ոլորտներում, թիմի մասնիկ են, ուրեմն առաջնային պետք է լինի ծրագրային, համակարգված աշխատանքը, ինչի հետ կախված լուրջ խնդիրներ կան: Վերջապես, անհասկանալի է միաձայնության այն մոլուցքը, որ առկա է իշխանության շրջանում:

Կհիշեք, որ դեռ ինն ամիս առաջ, երբ Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետ, Արծվիկ Մինասյանի՝ մի հարցում ընդդիմանալու հետ կապված ինչ սկանդալ սարքեց նիստի ժամանակ: Վարչապետի համոզմամբ, կառավարության բոլոր որոշումները պետք է միաձայն ընդունվեն: Հիմա հարց. ինչի՞ համար են այս ձևական քննարկումները նիստի ժամանակ, ինչի՞ համար են անիմաստ «ձեռքբարձրացնոցի» քվեարկությունները: Վերացրեք, մեկ է, բոլորը կողմ են քվեարկելու, հակադրվողների վրա էլ վարչապետն ամբողջ ուժով զայրանալու է…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս