Բաժիններ՝

Samsung-ը ծալովի էկրանով ևս երկու սմարթֆոն է մշակում. Bloomberg

Samsung-ն աշխատում է ծալովի էկրանով եւս երկու սմարթֆոնի ստեղծման վրա: Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, Galaxy Fold-ի շնորհանդեսից հետո ընկերությունը ձգտում է առաջատար դիրքեր զբաղեցնել շուկայի այս հատվածում։

Գործակալության աղբյուրների խոսքով՝ հեռախոսներից մեկը ծալվելու է ուղղահայաց՝ դիսփլեյով ներս, իսկ երկրորդն ստեղծելու են սմարթֆոնի ու պլանշետի գործառույթները զուգակցող Huawei Mate X-ի նմանությամբ:

Նշվում է, որ Samsung-ը պլանավորում է ուղղահայաց ծալվող սմարթֆոնը ներկայացնել 2019 թվականի վերջին կամ 2020 թվականի սկզբին: Գաջեթը դրսից ունենալու է լրացուցիչ Էկրան, բայց արտադրողը կարող է հանել այն: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքան հաջող վաճառքներ կարձանագրի Galaxy Fold-ը: Աղբյուրները նաեւ հայտնել են, որ երկրորդ սարքը կթողարկվի ավելի ուշ եւ կլինի ավելի բարակ, քանի որ այն չունի լրացուցիչ էկրան:

Արտադրողը կարող է ծալովի սմարթֆոնների իր շարքի համար օգտագործել նաեւ մատնահետքերի ներսարված տվիչ, ինչպես Galaxy S10-ինն է:

Դրա հետ մեկտեղ Bloomberg-ը նշում է, որ դեռեւս դժվար է գնահատել, թե որքան հաջողակ կլինեն ծալովի էկրաններով սմարթֆոնները: Ավելի վաղ նման սարքի իր տարբերակը ցուցադրել է նաեւ Xiaomi ընկերությունը: Samsung-ը ծալովի էկրանով Galaxy Fold սմարթֆոնը ներկայացրել է փետրվարի 20-ին:

Սարքն սմարթֆոնի ռեժիմով ունի 4,6 դյույմ անկյունագծով էկրան եւ 7,3 դյույմ՝ պլանշետի ձեւաչափով: Սարքը հանդերձված է վեց տեսախցիկով եւ հասանելի է չորս գույնով՝ սեւ, արծաթագույն, կանաչ եւ երկնագույն: Galaxy Fold-ը կապահովի մուտքը 5G հինգերորդ սերնդի ցանցեր, իսկ դրա արժեքը կկազմի 1980 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս