Բաժիններ՝

«Մանկատների երեխաների և նրանց օրգանների վաճառքն այնքան չհետաքրքրեց իշխանությունը, որքան Մանվել Գրիգորյանի տուշոնկաների հարցը»

«Դատախազության, ԱԱԾ-ի կողմից որևէ քայլ, միջոցներ չեն ձեռնարկվել, ուստի կարող եմ ողջամտորեն հայտարարել և կասկածներ ունենալ, որ փաստորեն ՀՀ մանկատների երեխաների և նրանց օրգանների վաճառքն այնքան չհետաքրքրեց իշխանությունը, համապատասխան մարմիններին, որքան Մանվել Գրիգորյանի տուշոնկաների հարցը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, ով փետրվարի 7-ին հայտարարել էր, որ 2018 թվականի հուլիսի 23-ին  ԱԱԾ-ին   կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, համաձայն որի՝  Շիրակի մարզպետարանի աշխատակազմի` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքի պաշտպանության բաժնի պետ, «Կենաց ծառ» հ/կ նախագահ  Լուսինե Գինոսյանը վաճառել է մանկատների երեխաների:

Հարցին՝ կոնկրետ փաստեր ունի՞ նման հայտարարություններ անելու համար, Ռուզաննա Ադանալյանը պատասխանել էր, որ ԱԱԾ-ում տվել է երեխայի և անչափահաս մոր անունը:

Նրա փոխանցմամբ՝ Լուսինե Գինոսյանը կապ ունի շատ անչափահաս աղջիկների հետ, ովքեր անցանկալի հղիություն են ունենում: Նրանք առաջինը հենց Լուսինեին են դիմում՝ իբր երեխային մանկատանը տեղավորելու համար:

«Ես ԱԱԾ հաղորդում էի տվել, երկու ամիս անց գործն ուղարկել են Մուշի բաժին: Մուշի բաժին չեմ գնացել, քանի որ ԱԱԾ-ից համապատասխան որոշում չեմ ստացել, թե ի՞նչ հիմքով, ի՞նչ պատճառաբանությամբ են ուղարկել Մուշի բաժին, բայց այստեղ արդեն որոշում կայացրել են, որ հանցակազմ չկա: Գործը Շիրակի մարզի դատարանում է, բողոքարկել ենք այս որոշումը, ներկայացրել ենք փաստեր, հիմնավորումներ, պետք է համապատասխան գործողություններ իրականացնեին»,- հավելեց Ռուզաննա Ադանալյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս