Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը չի առաջադրվի ԱՄՆ-ի նախագահի թեկնածու
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը չի պլանավորում իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին նշանակված ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:
Այդ մասին ասված է նրա մեկնաբանության մեջ, որը մարտի 5-ին հրապարակվել է Bloomberg գործակալության կայքում: Նա նշել է, որ լրջորեն խորհրդածել է նախագահական մրցարշավում ներգրավվելու շուրջ, բայց արդյունքում հրաժարվել է այդ գաղափարից: Բլումբերգը նաեւ վստահություն է հայտնել, որ հաղթանակ կտաներ, եթե իր մրցակիցը լիներ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
«Սակայն ես լավ եմ հասկանում, թե որքան դժվար է թեկնածու դառնալ Դեմոկրատական կուսակցությունից՝ հաշվի առնելով, թե որքան շատ են հավակնորդները»,-արձանագրել է նա: 77-ամյա Բլումբերգը 2002-ից մինչեւ 2013 թվականն զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը:
Նա նաեւ հայտնի է որպես ֆինանսական նորությունների համանուն գործակալության հիմնադիր եւ ֆիլանտրոպ: Միլիարդատերը համարվում է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ, Forbes հանդեսը նրա կապիտալը գնահատել է ավելի քան 42 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: