Բաժիններ՝

«Որոշել եք 4 ամսում 25 տարվա կայացած բիզնեսն արգելեք 100 դրամո՞վ». Պոլիէթիլենի բիզնեսով զբաղվողը՝ նախարարության ներկայացուցիչներին

Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով 01.07.2019 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 01.01. 2020 թվականից կսահմանվի հատուկ հարկ։

Ըստ նախնական հետազոտության՝ այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին դրանց վաճառքը Հայաստանում կարգելվի։

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի սահմանում (100 դրամ)՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով, մասնավորապես առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ, դրա վճարողները, հարկման օբյեկտը, հարկման բազան, դրույքաչափը, հաշվարկման կարգը։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ավելացնել նոր դրույթ, որով կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարումը։ Նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։

Մարտի 5-ին տեղի ունեցավ հանդիպում բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Մոտ երկու ժամ օրենքի նախագծերի փաթեթը քննարկվեց, հնչեցին տարբեր առաջարկներ, դիտողություններ:

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ գիտությունն ապացուցել է, որ պոլիէթիլենը մեծ վնաս է հասցնում մարդու առողջությանն ու բնությանը, իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ պոլիէթիլենային տոպրակները լուրջ խնդիրներ են առաջացնում Հայաստանում: Պարզվել է, որ ՀՀ-ում գոյացած աղբի 30 տոկոսը կազմում է պլաստիկը:

«Ես համամիտ եմ ձեր ծրագրի հետ, հատուցեք իմ ծախսերը, փակեմ արտադրությունս: Մենք վարկեր ենք վերցրել, հաստոցներ գնել, հիմա ո՞նց ենք անելու, մեզ կբացատրե՞ք»,- ասաց պոլիէթիլենային տոպրակ արտադրողներից մեկը:

Մյուսն էլ, թե երկու տոկոս բնապահպանական հարկ ենք վճարում, դա բավական չէ՞ մաքրման աշխատանքների համար:

«Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչն էլ ասաց. «Մեկ տարի շարունակ վիճակագրություն եմ հավաքում: Մեկ էկոլոգիական պայուսակը հավասար է տարեկան 22.000 պլաստիկ տոպրակների, որոնք քայքայվում են 150 տարվա ընթացքում: Վերջին վիճակագրությամբ ջրային տարածքում հայտնաբերվել է, որ կենդանական աշխարհի ներկայացուցիչների 60-70 տոկոսն իր օրգանիզմում կրում է պլաստիկ տոպրակներ: Այս խնդիրը կա նաև Սևանա լճում: Ամենացավալին այն է, որ վերջին 10 տարվա ընթացքում մեր ՀՀ-ի խորհրդանիշներից արագիլների 30 տոկոսի նվազումը պայմանավորված է պլաստիկ տոպրակներ կուլ տալով»:

Ներկաները նշեցին, որ կարևոր է աղբի տեսակավորումը, ինչը Հայաստանում բարձիթողի վիճակում է: Կարևորեցին նաև բնակիչներին սովորեցնելը, որ աղբն ամեն տեղ չթափեն:

«Դեռ վերամշակումը, տեսակավորումը չսկսած՝ ամենավերևից եք բռնում»,- նկատեց պոլիէթիլեն վերամշակողներից մեկը:

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչն էլ ասաց, որ աղբի տեսակավորումը լուրջ խնդիր է, և լուծվում է ամենաբարձր մակարդակով:

Գործարարներից մեկն էլ, ով Կանադայից էր, ընդգծեց, որ եվրոպական շատ երկրներում, երբ մարդը ասենք գազավորված ըմպելիք է գնում, գինը ոչ թե 500 է, այլ 700, իսկ, երբ վերադարձնում է պոլիէթիլենային տոպրակը կամ շիշը, 200 դրամը հետ են վերադարձնում:

Նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ դեպոզիտի հետ կապված՝ բանակցություն են արդեն վարում ԵՄ-ի հետ:

Անդրադարձան նաև սահմանված 100 դրամին: Գործարարները նշեցին, որ մեծ մասը 100 դրամ չի տա ու տոպրակ գնի:

«Այսինքն, որոշել եք 4 ամսում 25 տարվա կայացած բիզնեսն արգելեք 100 դրամո՞վ: Ես 80.000 դոլարի վարկ ունեմ, դա ո՞վ է վճարելու»,- հարցրեց նրանցից մեկը:

Պոլիէթիլենի տոպրակ արտադրողները խնդրեցին իրենց առնվազն 3-5 տարի ժամանակ տալ, ընդհանուր հայտարարի գալ՝ բիոթուղթ արտադրելու հետ կապված:

«Բայց հիմա գիտե՞ք՝ ինչ է, ոնց որ էլեկտրիկին ասեք՝ վաղվանից դու վիրահատություն ես անելու»,- կատակեց ներկաներից մեկը:

Կողմերը պայմանավորվեցին առաջարկներն ու դիտողությունները նաև գրավոր ներկայացնել:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս