Բաժիններ՝

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը. նվազագույն արժեքը կլինի 100 դրամ

Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթ, որով հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, իսկ 2020 թվականի հունվարի մեկից կսահմանվի հատուկ հարկ։

Ըստ նախնական հետազոտության՝ այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի սահմանում (100 դրամ)՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ, դրա վճարողները, հարկման օբյեկտը, հարկման բազան, դրույքաչափը, հաշվարկման կարգը։

«Որոշումը կարող է մի փոքր դուր չգալ պոլիէթիլենային տոպրակ արտադրողներին: Նրանք շուկա ունեն և մեծ օգուտ են ստանում: Եվ եթե պոլիէթիլենային տոպարկները բարձր գնով վաճառեն, հնարավոր է՝ պահանջարկը նվազի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:

Նրա խոսքով՝ միայն այս որոշմամբ ամբողջ հարցը լուծել հնարավոր չի լինի:

«Նախկինում որոշում ընդունվեց, որ այդ տոպրակները սուպերմարկետներում վաճառվեն, բայց իրավիճակը չփոխվեց: Անհրաժեշտ են այլ լուծումներ, օրինակ, պլաստիկի տեսակավորում: Սա լուրջ խնդիր է և պահանջում է ներդրումներ: Այս մասին հիմա ոչ ոք չի խոսում: Ասում են, թե պետք է վերամշակման գործարան սարքել: Վերամշակումը չի կարող ընդհանուրի վրա տարածվել, պետք է տեսակավորեն՝ այստեղ՝ թուղթ, այստեղ՝ պլաստիկ, մյուս տեղը՝ մետաղ, և այլն: Իսկ այս որոշումը պարզունակ լուծում է, ինչ-որ ձևով կնվազեցնի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, բայց ոչ ամբողջապես: Բազմակողմանի լուծում պետք է տալ: Կարևոր է նաև համատարած դաստիարակությունը: Մարդկանց մանկուց պետք է սովորեցնեն, որ չպետք է նման տոպրակներ օգտագործել»,- նշեց Ինգա Զարաֆյանը:

Բնապահպան, «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանն էլ ասաց, որ ողջունում է այդ որոշումը՝ նշելով, թե պլաստիկի օգտագործումը կանխելու կամ սահմանափակելու համար 100 դրամն էլ է քիչ:

«100 դրամը սահմանվելու է նրա համար, որ մարդն ափսոսա այդքան գումար տալ ու պոլիէթիլենային տոպրակ վերցնել, ու սկսի էկոլոգիապես մաքուր նյութեր օգտագործել: Ոնց էլ լինի՝ ամեն մեկի տանը հին կտոր կլինի: Կարելի է նստել ու պայուսակ կարել: Կարող են նաև խանութներից ձեռք բերել 800 դրամից սկսած կտորից պայուսակներ, որոնք տարիներով կօգտագործեն: Արդեն 10 տարի է՝ ես պոլիէթիլենային տոպրակ չեմ օգտագործում»,- նշեց Կարինե Փանոսյանը՝ հայտնելով, որ այս թեմայով քննարկումներ եղել են ու շարունակվելու են, անգամ սուպերմարկետների ղեկավարներն են ներկա եղել, ովքեր ասել են, որ, եթե արժեք սահմանի ոչ թե խանութը, այլ պետությունը, իրենք կողմ կլինեն:

«Սուպերմարկետներից մեկի ղեկավարն ասաց՝ իրենք 20 դրամ էին սահմանել պոլիէթիլենային տոպարկի գինը, ժողովուրդը սկսել է կռիվ անել, արդյունքում՝ հաճախորդներ են կորցրել, որովհետև ոչ ոք չի ցանկացել 20 դրամը վճարել, ու ստիպված դարձրել են 10 դրամ, որն իրենց ձեռնտու չէ»,- նշեց Կարինե Փանոսյանը:

Հավելենք, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի:

Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային թափոնների ծավալի ավելի քան 30%-ը: Հայաստանում խնդիրը բարդանում է նաև նրանով, որ աննշան են պլաստիկ հումքի վերամշակման ծավալները, որի արդյունքում պլաստիկ թափոնների հիմնական մասը կուտակվում է աղբավայրերում և շրջակա միջավայրում:

Oգտագործված պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված է Հայաստանի Հանրապետության գետերի հիմնական մասը, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Հանրապետությունում արտադրվող և ներկրվող պոլիէթիլենից փաթեթների ողջ քանակությունն ի վերջո հանգրվանում է բնության մեջ, և նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին։ Արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատում են դիօքսին և ֆուրան գազեր:

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետություն 2013-2015 թվականներին ներմուծվել է մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է 8.149,1 տոննա։ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրող հիմնական ընկերությունները 4-ն են։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս