«Խաղի նոր կանոնները պետք է վերաբերեն ՀԱՊԿ բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին». Ռազմական փորձագետ
«Ողջունելի է աշխատանքային թեմաների հստակեցման շուրջ անդամ երկրների ջանքերը: ՀԱՊԿ-ում սա միակ նմանատիպ խնդիրը չէ, նման բացթողումներ շատ կարող են լինել, և ժամանակ է պահանջվում այս հարցերը վերջնականապես հստակեցնելու, հարաբերությունները կանոնակարգելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում խաղի կանոնների հստակեցման անհրաժեշտությանը:
Հիշեցնենք, որ օրերս իր հարցազրույցներից մեկում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանն ուզում է, որ կազմակերպության Գլխավոր քարտուղարի նշանակման ու հետկանչման հարցում լինի խաղի հստակ կանոն, որը կգործի ապագայում, ինչպես նաև՝ տվյալ դեպքում:
«Ցանկացածը կարող է պնդել՝ իմն է, չէ, իմն է: ՀԱՊԿ փաստաթղթերը չեն նախատեսել այդպիսի իրավիճակ, երբ ինչ-ինչ պատճառով գործող գլխավոր քարտուղարը չի կարող կատարել իր ստանձնած պարտավորությունները: Դրույթն այնպես է գրված, որ ոնց ուզես՝ կմեկնաբանես: Դրույթն այն է, որ գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարի ժամկետով, չի ասվում, որ պետությանն է 3 տարի ժամկետով տրվում: Մենք ասում ենք, որ, քանի որ հնարավորություն չունի տվյալ անձը կատարել պարտավորությունները, ուրեմն մնացած ժամանակի համար պետք է ուրիշ անձ լինի էլի ՀՀ ներկայացուցիչ: Իրենք ասում են, որ ժամկետը տրվում է անձին: Հիմքում սա է, որի շուրջ գնում են ծանր բանակցությունները: Պետք է հստակեցնենք խաղի կանոնը: Մեզ համար կարևոր է, որ կազմակերպությունը լինի արդյունավետ, որ չլինեն տարընթերցումներ: Խնդրին լուծում չի տրվել, բայց տարվում են աշխատանքներ՝ հստակեցման ու կոնկրետ թեկնածուի հետ կապված»,- մանրամասնել էր Շավարշ Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի՝ Հայաստանը երբեք հարցադրում չի արել, որ սա վեճ է Հայաստանի ու Բելառուսի միջև, երբեք ՀՀ-ն չի մեկնաբանել հարցը, թե ում թեկնածուն պետք է լինի: Խնդիրն այն է, որ պետք է լինի խաղի ունիվերսալ կանոն, որ վաղն էլ, ըստ Քոչարյանի, խնդիրներ չառաջանան:
«Անկախ նրանից, թե ով է նշանակվել, մարդուն մի բան պատահեց, ուրեմն անցնում է մյուսի՞ն: Եկե՛ք ֆիքսենք: Այսօր խոսել Հայաստանի կամ Բելառուսի թեկնածուի մասին… Մենք չենք կարող առաջ շարժվել, քանի բոլորը համաձայն չեն»,- հավելել էր ԱԳ փոխնախարարը:
Պավել Ֆելգենգաուերի խոսքով՝ ողջունելի են նման աշխատանքային թեմաների հստակեցման շուրջ անդամ երկրների ջանքերը: Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում սա միակ նմանատիպ խնդիրը չէ, նման բացթողումներ շատ կարող են լինել, և ժամանակ է պահանջվում այս հարցերը վերջնականապես հստակեցնելու, հարաբերությունները կանոնակարգելու համար:
«Ի վերջո, թեկուզ ԵՄ-ին երկար ժամանակ է հարկավոր եղել անդամ բոլոր երկրների հավակնությունները վերահսկելու, սահմանափակելու և հարաբերությունները կանոնակարգելու համար, դա միանգամից ձեռք չի բերվել: ՀԱՊԿ-ն այդ ճանապարհին է: Հավելյալ բարդություն է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին միմյանց կապողը Ռուսաստանն է, ուստի բոլոր խնդիրների պատասխանատուն, հաշտարարը ևս Ռուսաստանն է, և Ռուսաստանի շահերից է բխում այս հարցերի կարգավորումը, քանի որ գործընկերների շահերից մեկի հաշվին՝ հօգուտ մյուսի, որոշում դժվար է կայացնել, ավելին՝ դա սխալ է: Դրա համար անհրաժեշտ են կարգավորումներ, որոնք պետք է վերաբերեն անդամ բոլոր երկրներին: Այսինքն` խաղի նոր կանոնները պետք է վերաբերեն այդ թվում՝ Հայաստանին»,- ասաց Ֆելգենգաուերը:
Ինչ վերաբերում է կոնկրետ ներկայումս ստեղծված իրավիճակին` ռազմական փորձագետն ասաց, որ խնդիրը ծագել է հստակ քայլի հետևանքով:
«Այնպես չէ, որ Հայաստանը որոշել է պարզապես քննարկումներ իրականացնել և ինչ-որ բաներ պարզել: Հայկական կողմը ետ է կանչել իր քարտուղարին, և դա ոչ միանշանակ է ընկալվել գործընկեր երկրների կողմից, քանի որ ինչ-որ պարտավորություններ խախտվել են, գործընկերներն այդ մասին տեղեկացվել են ոչ պատշաճ ժամկետներում: Չնայած այս ամենին, Հայաստանը կարծում է, որ ՀՀ ներկայացուցիչը պետք է շարունակի պաշտոնավարել մինչև Հայաստանի նախագահության ավարտը: Սա արդար ցանկություն է, արդար չէ, երբ այլ երկրներ են ժամկետից շուտ ցանկանում պաշտոնավարել: Սակայն պետք է ընդունել նաև, որ խնդիրն առաջացել է հայկական կողմի քայլերի հետևանքով: Ավելին` նույն քայլերը մի փոքր այլ կոմբինացիայով նման խնդիրներ չէին ստեղծի ո՛չ Հայաստանի, ո՛չ ՀԱՊԿ-ի համար, Հայաստանը նույնիսկ կարող էր պահպանել իր նախագահությունը այդ դեպքում, եթե դա կարևոր է Հայաստանի համար:
Որքան էլ ասեն, թե այդ պաշտոնը որոշիչ չէ, այդ պաշտոնի կարևորությունն ուռճացված է, որովհետև ՀԱՊԿ-ում, ի վերջո, որոշումներ են կայացնում անդամ երկրների ղեկավարները, այդ պաշտոնը կարևոր է անդամ յուրաքանչյուր երկրի համար, և Հայաստանը սպասում էր իր նախագահության մեկնարկին, մենք այդ մասին շատ ենք խոսել:
Ուստի ես կարծում եմ` փոփոխությունների մասին խոսակցությունները տեղին են, բայց յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա, գիտակցի իր պատասխանատվությունը միջազգային կառույցի հեղինակության հարցում, հասկանա նաև, որ կան պարտավորություններ, կան գործընկերներ, և այլն: Այս իրավիճակում ամենաօպտիմալ լուծումն այն է, որպեսզի որոշման կայացումը ներկայումս հետաձգվի, քանի որ ցանկացած անդամ երկրի օգտին որոշումը խնդիրներ է հարուցելու, որից Ռուսաստանը խուսափում է»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ նրա՝ իրավիճակը կերկարաձգվի մինչև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ժամկետի ավարտը, որից հետո հնարավոր կլինի Բելառուսի ներկայացուցչին ընտրել՝ որպես գլխավոր քարտուղար: