Նոր Հայաստանը պատրաստ է նոր գաղափարներ առաջարկել ԵՄ-ի հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում կայացած քննարկումների ժամանակ անդրադարձել են Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք ՀՀ վարչապետի խոսքով, միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվեցին որպես եվրոպական լավագույն փորձին լիովին համապատասխան:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության ժամանակ ընդգծեց, որ
Հայաստանում այդ ընտրությունների նկատմամբ աննախադեպ հասարակական վստահություն կար:

«Այս համատեքստում մենք նաև բարձր ենք գնահատում ընտրական գործընթացների հաջող կազմակերպման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը:

Անշուշտ, մեր երկրում տեղի ունեցած այդ դինամիկ քաղաքական փոփոխությունները, ինչպես նաև մեր ժողովրդավարական ընտրություններն էլ ավելի մոտեցրին Հայաստանն ու Եվրամիությունը՝ ընդհանուր արժեքների շուրջ մեր նվիրվածության տեսանկյունից: Ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Նոր Հայաստանը պատրաստ է շարունակական ջանքեր գործադրել, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ առաջարկել՝ Եվրոպական միության եւ նրա անդամ պետությունների հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ:
«Ուրախ եմ, որ մեր եվրոպացի բարեկամներն ու գործընկերներն ունեն նման մոտեցում և տեսլական մեր երկկողմ օրակարգի նկատմամբ»,- ասաց նա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:

Տեսանյութեր

Լրահոս