Ալավերդու պղնձաձուլական գործարանի վարկ ունեցող աշխատակիցների ցուցակը կներկայացնեն Կառավարությանը
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները խումբ են ստեղծել, որը հավաքագրում է վարկ ունեցողների տվյալները:
«Այս պահին 30 տոկոսի անունն է գրած, բայց գումարն արդեն 100 միլիոն դրամի է հասնում: Ես, օրինակ, 2 միլիոն դրամի վարկ ունեմ: Առայժմ նախադատական ծանուցումներ ենք ստանում, շուտով երևի ԴԱՀԿ-ից էլ կստանանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պղնձաձուլարանի աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանը:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հ/կ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն էլ հայտնեց, որ հաշվառումը դեռևս շարունակվում է, 130 հոգու արդեն ցուցակագրել են:
«Ամեն դեպքում՝ ցուցակն այդքան էական չէ, մենք դիմում-առաջարկություն ենք ներկայացնելու Կառավարությանն ու օրենսդիրի ներկայացուցիչներին»,- հայտնեց Օլեգ Դուլգարյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրենք նաև վարկառուներին աջակցելու հետ կապված տարբերակներ են քննարկում:
«Տարբերակներից է՝ վարկերի վճարման ժամկետների երկարաձգումը, ժամանակավոր կասեցումը, վճարման նոր ժամանակացույց կազմելը»,- նկատեց Օլեգ Դուլգարյանը:
Նշենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունը չեղարկել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։
Ընկերության աշխատողներին տրվել են նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։
Հավելենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն աշխատավարձի 2/3-ն են ստանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:
Անի Կարապետյան