Հայաստանն ընդգրկվել է «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի պիլոտային 3 երկրների շարքում
Ստրասբուրգում մարտի 4-ին կայացել է Եվրոպայի խորհրդի «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի ազգային համակարգողների խորհրդի առաջին հանդիպումը։ Վերջինի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ներկայացվել է
Ծրագրի նպատակը, քննարկվել են Ծրագրի հիմանական բաղադրիչները և դրանցից բխող գործողությունները: Ծրագրի նպատակն է զարգացնել երեխայի սեռական առցանց շահագործման և բռնության դեմ պայքարի ոլորտում շահառու պետությունների կարողությունները՝ ներպետական մակարդակում առկա խնդիրները վեր հանելու, դրանք քարտեզագրելու, դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկներ ներկայացնելու, նշված պայքարի շրջանակում շահագրգիռ մարմինների համագործակցությունը խթանելու, իրավակիրառ մարմինների կարողությունները զարգացնելու, ինչպես նաև իրազեկման բարձրացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու միջոցով։
Ըստ այդմ՝ շահառու պետությունները ներկայացրել են խնդրո առարկա ոլորտում իրենց առաջնահերթությունները և Ծրագրից բխող՝ կատարման ենթակա գործողությունները։
Քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է և ընդգրկվել Ծրագրի պիլոտային 3 երկրների շարքում։ Ի թիվս այլնի՝ որպես պիլոտային երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը կստանա տեխնիկական աջակցություն ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, իրավակիրառ մարմինների կարողությունները վերանայելու և հզորացնելու, այդ թվում՝ իրականացվող վերապատրաստման ծրագրերը կատարելագործելու առումով։