Բաժիններ՝

Բանակը Վազգենի տունն էր. Սպարապետի տուն-թանգարանը և «Արմենպրես»-ը համատեղ ներկայացրեցին բացառիկ լուսանկարներ

Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ նրա տուն թանգարանում ներկայացվեցին բացառիկ լուսանկարներ: Ցուցադրությունը նախաձեռնել էր Սպարապետի ընտանիքը՝ «Արմենպրես» լրատվական գործակալության հետ համատեղ: Սպարապետի եղբոր դուստրը՝ Գրետա Սարգսյանը, նշեց, որ ներկայացված 35 լուսանկարները երբևէ հասանելի չեն եղել հանրությանը՝ բացառությամբ մի քանիսի:


«Այստեղ կան Սպարապետի կյանքի տարբեր փուլերի մասին պատմող լուսանկարներ՝ մանկությունից մինչև պետական, աշխատանքային այցեր: Ներկայացվել են լուսանկարներ, որոնք դեռևս չեն հրապարակվել: Այս լուսանկարները ցուցադրվելու են և՛ թանգարանի դրսի հատվածում, և՛ ներսի»,-ասաց Գրետա Սարգսյանը: Ցուցադրվել են լուսանկարներ, որոնք պատմում են Վազգեն Սարգսյանի մի շարք հանդիպումների մասին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, այն ժամանակ ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի, և պետական այլ այրերի հետ:

Գրետա Սարգսյանի խոսքով, մյուս պետական այրերի հետ համեմատ, Վազգեն Սարգսյանի լուսանկարները քիչ են, քանի որ նա չէր սիրում լուսանկարվել:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները և այլք:

Թանգարանում այցելուները շրջայց կատարեցին և ծանոթացան ինչպես նոր ներկայացված լուսանկարներին, այնպես էլ Վազգեն Սարգսյանի անձնական իրերին:

Նախարար Դավիթ Տոնոյանն ընտանիքի անդամներին փոխանցեց Վազգեն Սարգսյանի առաջին հրամանի բնօրինակը, որով ազգային հերոսը 1992 թվականի մարտի 5-ին 30 տոկոսով բարձրացրել էր զինված ուժերի բոլոր զինծառայողների աշխատավարձը:

Շրջայցից հետո Դավիթ Տոնոյանը գրառում է կատարել հուշամատյանում. «Վազգեն Սարգսյանն ամբողջ դարաշրջան է զինված ուժերի համար: Դեռ երկար ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնողն ամենուր կզգա Վազգենի շունչը, նրա կատարած գործը, նրա սահմանած սկզբունքը: Ինչպես այս տուն թանգարանն է շնչում Սպարապետով, այնպես էլ հայոց բանակի ամեն մի անկյունը, որովհետև բանակը Վազգենի տունն էր, և դա գիտեն բոլորը»,-գրել է նախարարը:

Մարտի 5-ը Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 60 տարեկան: ՀՀ կառավարությունը 2000 թվականին որոշում է կայացրել Հայաստանի ազգային հերոս, հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ստեղծելու մասին: Այն բացվել է 2001 թվականի մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։ Թանգարանը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում։ Թանգարանում ամփոփված է Վազգեն Սարգսյան գրողի, զինվորի, սպարապետի, պետական գործչի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը։ Տուն-թանգարանի բակում տեղադրված է սպարապետի կիսանդրին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս