«Զենիթ»-ի նախագահը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին
Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, սակայն այս պահին բանակցություններ չեն վարվում: Մոսկվայում Լազարյան ակումբի երկրորդ նիստի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է «Զենիթ»-ի նախագահ, «Գազպրոմ» ընկերության նախկին փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:
«Եվրոպական առաջնությունների բոլոր առաջատար ֆուտբոլիստները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Թիմը կառուցելու հեռանկարի տեսանկյունից անպայման պետք է ներգրավել այդպիսի մակարդակի ֆուտբոլիստների: Պարզ է, որ նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», ունի գործող պայմանագիր, գտնվում է իր մարզավիճակի գագաթնակետում է: Նա 30 տարեկան է, և հաշվի առնելով նրա ֆիզիկական տվյալները, հեշտությամբ կարող է մինչև 35 տարեկանը խաղալ, ինչպես մեզ մոտ խաղում են Ալեքսանդր Անյուկովը, Յուրի Ժիրկովը: Խոսք չկա այն մասին, որ նա իր խաղամակարդակով իր տեղը կգտնի մեր թիմի կազմում: Ես կարծում եմ, որ նրա համար հեշտ կլինի «Զենիթ»-ի խաղին ադապտացվելը»,- ասաց Մեդվեդևը:
«Զենիթ»-ի նախագահն ընդգծեց, որ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու բանակցություններ այս պահին չեն վարում: Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ այդ հարցով բանակցություններ կսկսեն՝ նշելով, որ մինչև ակումբի տրանսֆերային քաղաքականությունը որոշակիացնելը որևէ այլ բան չի կարող ասել: