Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանը` զինծառայողների մահվան վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է, թե զինծառայողի մահվան որևէ դեպք կարող է թաքցվել նախարարության կողմից:

«Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձևաչափով: Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և դատախազության, և նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ: Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված: Զինծառայողների մահվան վերաբերյալ հայտարարվում է, անգամ, եթե դա բնական մահ է»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Tert.am-ի տեղեկություններով` մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել։

Տեղեկության վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցադրումներով, թե սույն թվականի հունվարի 1-ից փետրվարի 20-ը քանի զոհ է գրանցվել ԶՈւ-ում ու ՊԲ-ում։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նշված ժամանակահատվածում ԶՈւ-ում ու ՊԲ-ում զինծառայության հետ կապված 3 մահվան դեպք է գրանցվել, 4  մահվան դեպք գրանցվել է ծառայության հետ չկապված հանգամանքներում։

Այսինքն՝ 1 ամիս 21 օրվա ընթացքում զոհվել է 7 զինծառայող։ ՀՀ գլխավոր դատախազությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են.

«2019 թվականի հունվարի 1-ից փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-ում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան 3 դեպք։

1․ Էդ․ Գրիգորյանի՝ 01․01․2019թ․ մարտական հերթապահության ընդգրկված լինելու ընթացքում մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

2․ Մ․ Գրիգորյանի՝ 11․02․2019թ․ մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում ժամկետային զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

3․ Ֆ․ Թամազյանի՝ 12․02․2019թ․ առողջական վիճակի հետ կապված մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Տեղեկացնում ենք նաև, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 4 դեպք, որոնցից 2-ը տեղի են ունեցել հիվանդության, և 2-ը՝ ավտովթարի հետևանքով»։

Նշված չորս դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու Արցախի պաշտպանության բանակը չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն կամ գրառում չի արվել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031