Ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել Կոստա Ռիկայում. EFE
Թմրաթրաֆիքի դեմ պայքարի հատուկ գործողության շնորհիվ ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել Կոստա Ռիկայում: Առափնյա պահպանության ուժերի աշխատակիցները երկրի հարավային ափերի մոտ կալանել են արագընթաց մոտորանավակ, որը թմրանյութերի խոշոր խմբաքանակ էր փոխադրում: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով կենտրոնամերիկյան հանրապետության ՆԳ նախարարության հայտարարությունը:
Ձերբակալվել են երեք կոլումբիացիներ, որոնք ուղեկցում էին մաքսանենգ բեռը: Կոստա Ռիկայի իշխանությունների տվյալներով՝ կոկաինի կալանված խմբաքանակը ամենախոշորն է դարձել նրանցից, որոնք երկրում բռնագրավվել էին տարեսկզբից:
Մաքսանենգները հաճախ են փորձում Կոստա Ռիկայի տարածքն ու ափամերձ ջրերն օգտագործել Հարավային Ամերիկայից թմրանյութերի խմբաքանակները ԱՄՆ տեղափոխելու համար: Ըստ պաշտոնական տվյալների՝ անցյալ տարի կենտրոնամերիկյան երկրի իրավապահ մարմինները կալանել են 33,6 տոննա կոկաին, ինչպես նաեւ չարագործներից առգրավել են 3,7 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: