Փաշինյանի բրյուսելյան այցի գլխավոր նպատակը
Սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Բրյուսել: Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ն. Փաշինյանը հայտարարել էր, որ մարտի 4-ին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները:
Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Բրյուսել: Առաջինը կայացել էր 2018թ. հուլիսին, երբ նա հանդիպել էր Եվրամիության կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ ունեցել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում մասնակցել էր Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով։ Օրերս իր ասուլիսի ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ կայանալիք քննարկումներն առաջընթացի տեմպը որոշելու հիանալի հնարավորություն են տալիս։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը նշեց, թե ինչ կարելի է ակնկալել ՀՀ վարչապետի Բրյուսել կատարելիք այցից, որը, ըստ էության, ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգով նրա առաջին պաշտոնական այցն է Բրյուսել:
Ֆ. Լուկիանովի խոսքով՝ անկախ ՀՀ իշխանությունների` Արևմուտքի, այդ թվում՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ քաղաքականություն վարելու քաղաքական ծրագրերին, կա ԵՄ-ի հնարավորությունների և այդ երկրների դեպքում դիտարկվող պրոյեկտների սահման: Հատկապես ուկրաինական ճգնաժամից հետո, երբ, ըստ նրա՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի ուղղությամբ եվրոպական ակնկալիքները չարդարացան, քանի որ դրանք էապես ուռճացված էին, և միևնույն ժամանակ՝ ԵՄ-ում որոշում կայացվեց ճկունացնել ծրագիրը, սակայն խորացավ միտումը՝ կենտրոնանալ սեփական խնդիրների վրա, ժամանակավորապես մի կողմ դնելով ընդլայնման ծրագրերը: «ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում:
Սակայն Հարևանության քաղաքականությունից որևէ մեկը չի հրաժարվել, ներկայումս Հայաստանին առաջարկվում է այդ քաղաքականության ողջ գործիքակազմը, ոգևորիչ ծրագրերի շուրջ խոսակցություններ են ընթանում, դրանք ոչ միայն լավ հնարավորություններ են Հայաստանի համար, այլև այս իշխանությունների` ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքական կամքը չափելու միջոցներ: Եթե փորձենք բացել դիվանագիտական խոսքի տողատակերը, ապա կհասկանանք, որ ըստ էության ԵՄ հռետորաբանությունը չի փոխվել, ինչպես նախկինում էր ԵՄ-ն պատրաստ առաջընթացի համար որոշ ոլորտներում և քաղաքական կամքի, ցանկության դեպքում ֆինանսական ծրագրեր իրականացնել, այնպես էլ՝ հիմա, պարզապես այլ ինտենսիվությամբ՝ չափելու համար սահմանները:
Հայաստանի համար Եվրոպայում կան բազում ծրագրեր, դրանցից ՀՀ իշխանությունները, ինչպես երևում է, պատրաստվում են օգտվել, բայց, ինչպես նախկինում, այսօր ևս անվտանգության ոլորտում էական համագործակցության Արևմուտքը Հայաստանի հետ պատրաստ չէ, ուստի անվտանգությունը և ռազմական համագործակցությունը, որը թելադրում է քաղաքական հարաբերությունների բնույթը, Մոսկվայում է: Իսկ ուկրաինական ճգնաժամը դրանում ներգրավված բոլոր կողմերին լավ դասեր տվեց, այդ թվում՝ Եվրոպական միությանը, այն մասին, որ ԱլԳ երկրների հետ համագործակցության գինը կարող է աննախադեպ բարձր լինել, անկանխատեսելի բարձր, իսկ այդ գինը ԵՄ-ն պատրաստ չէ վճարել այս երկրների համար:
Ուստի կառաջարկի այն, ինչ խնդիրներ չի հարուցի, քանի որ ԵՄ-ն ակնհայտորեն խուսափում է այս տարածաշրջանում նոր խնդիրներից: ԵՄ-ն ներկայումս կենտրոնացած է իր ճգնաժամային զարգացումների վրա: Բայց պետք է հասկանալ նաև, որ ԵՄ-ն չի կարող հրաժարվել «Արևելյան գործընկերությունից», որքան էլ դա ցանկանա, դա քաղաքական թուլության շատ վատ ազդակ կլինի ողջ աշխարհին և Ռուսաստանին: Ուստի, ինչպես տեսնում ենք, պահպանվում են որոշ ծրագրեր, և լիովին անգործության չմատնվելու համար՝ իրականացվում են ենթակառուցվածքային արդիականացման ծրագրեր:
ԵՄ-ն այսօր պատրաստ չէ նույնիսկ վիզային ազատականացմանն այս երկրների հետ, քանի որ արդեն իսկ լուրջ խնդիրներ ի հայտ եկան երեք երկրների համար վիզային ազատականացումից, իսկ դա շատ կարևոր կետ է ԵՄ-ԱԼԳ ձևաչափում»,- ասաց վերլուծաբանը:
Ուստի, նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջիկա տարիների համագործակցության ժամանակացույցը կգծվի այս հանդիպումների ընթացքում:
Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասաց, որ Փաշինյանի` Բրյուսել կատարած նախորդ այցից հետո Եվրոպական միությունը փոխել է մարտավարությունը և ավելի հաճախ է խոսում այն ծրագրերից, որոնք իրականացվում են Հայաստանում և տարածաշրջանում:
«Նախորդ հանդիպումից հետո խոսակցություններ կային, թե ԵՄ-ն ակտիվ ֆինանսական ծրագրեր չի առաջարկում, դրանք գրավիչ չեն, և այլն: Բայց հանձնակատար Յոհաննես Հանն իր այցով մանրամասն ներկայացրեց բոլոր հնարավորությունները և ծրագրերը, որոնք ԵՄ-ն անում է Հայաստանում, դրանք բավականին ծավալուն են: Ամենակարևորն այն է, որ Հայաստանին տրվող աջակցությունը մեծանալու է, բայց, ինչպես դեսպանն ակնարկեց, Հայաստանի տնային աշխատանքից է կախված մեծ փոխանցման ճակատագիրը: Սրանում, կարծում եմ, հայ հասարակության համար որևէ նորություն չպետք է լինի: Այս այցի կարևոր որոշումները, իմ կարծիքով, վերաբերելու են համաձայնագրի ճանապարհային քարտեզի հաստատման հետ կապված հարցերին, ինչպես նաև համաձայնագրի վավերացմանը, առկա խնդիրներին, քանի որ ԵՄ-ն թևակոխելու է քաղաքական խմորումների փուլ:
Հաշվի առնելով, որ նախորդ հանդիպումները ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում էին, այս այցն էապես կարևոր է, կողմերը հանգամանորեն կկենտրոնանան ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա: Կարծում եմ` անորոշ հարցեր չեն մնա»,- ասաց վերլուծաբանը:
Հալբախը համամիտ է իր ռուս գործընկերոջ արտահայտած կարծիքին, որ այս այցով կորոշվի ԵՄ-ի համագործակցության տեմպն այս նոր իշխանությունների հետ: «Երևում է, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված են տարատեսակ ծրագրերի իրականացմամբ, գումարների ներգրավմամբ, բայց շատ աշխատանք պետք է իրականացնել նաև այդ առաջարկները փաթեթավորելու, ներկայացնելու հարցում, որում դեռ անփորձ են նոր իշխանությունները»,- ասաց նա: