Ծառուկյանը «բազմավեկտոր» քաղաքական խաղերի մեջ է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը հետաքրքիր վերափոխումների մեջ է: Խորհրդարանական ընտրությունների շեմին իրար բզկտած, նախկին ու ներկա մեղքերը հասարակությանը ներկայացնելու պատրաստ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս օրերին մերձեցման երեկոներ են կազմակերպում: «Բազմավեկտոր» քաղաքական խաղերի մեջ է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Մի կողմից Նիկոլ Փաշինյանի «ցավն է տանում» ու վաստակում սեփականատիրոջ համբավ, մյուս կողմից էլ ԼՀԿ-ի հետ է սկսում հարաբերությունները հարթել:

Մեր տեղեկություններով, վերջերս Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հանդիպել են: Ծառուկյանը նախ դժգոհել է Նիկոլ Փաշինյանից, հատկապես սեփական գազալցակայանների ու ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի համար, հետո «սիրտը բացել» է ու ասել, թե ինչ ունեն երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերն իրար դեմ, ճիշտ կլինի միավորվեն ու համատեղ գործեն Նիկոլ Փաշինյանի դեմ:

Սակայն սա չի եղել խոսակցության միակ թեման: Գագիկ Ծառուկյանը նաև խոսել է իր երբեմնի թիկնապահ, այսօր պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործի մասին: Ըստ տեղեկությունների, Արման Բաբաջանյանը վստահեցրել է, որ եթե հարցը հասնի ԱԺ, ԼՀԿ-ն կհայտարարի, որ դա քաղաքական հետապնդում է:

Ի դեպ, նույն տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը վերջերս մի քանի անգամ հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հետ: Ասել է` ԲՀԿ առաջնորդը փորձում է բոլորի հետ կառուցել «և-և»-ի քաղաքականություն, բայց չգիտես ինչու, այն միշտ հանգում է «կամ-կամ»-ի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս