Հռոմի պապը որոշել է բացել Վատիկանի՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակների գաղտնի արխիվները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ 2020 թվականի մարտի 2-ին բացելու է Վատիկանի գաղտնի արխիվները, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներին: Այդ որոշման մասին, ինչպես մարտի 4-ին հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, քահանայապետը հայտնել է Վատիկանի արխիվի աշխատակիցների համար ունկնդրության ընթացքում։
Ֆրանցիսկոսը պարզաբանել է, որ ամսաթվի ընտրությունը պատահական չէ: Հենց այդ օրն Է լրանալու պապական աթոռին Պիոս 12-րդի (Էուջենիո Պաչելի, 1876-1958 թթ.) ընտրվելու 80 տարին: «Ես որոշել եմ, որ հետազոտողների եւ պատմաբանների համար Պիոս 12-րդ քահանայապետի վատիկանյան արխիվների փաստաթղթերի բացումը տեղի կունենա նրա ընտրվելու 80-ամյա հոբելյանին՝ 2020 թվականի մարտի 2-ին»,-հայտարարել է Պապը:
Դրա հետ մեկտեղ նա պարզաբանել է, որ նման որոշումն ընդունել է իր խորհրդականների առաջարկությամբ: «Վստահ եմ, որ լուրջ եւ անաչառ ուսումնասիրությունը թույլ կտա արդարամտորեն գնահատել այն քահանայապետի դժվարին պահերը, ընդունված որոշումները եւ ավելի լավ հասկանալ այն ժամանակաշրջանը, երբ (պատերազմի) դաժանությունների պահին ձեռնարկվում էին հումանիտար նախաձեռնություններին աջակցելու ոչ դյուրին փորձեր, թեպետեւ գաղտնի»,-հավելել է Հռոմի պապը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: