Եթե որոշել ես պահել Մեծ Պահքը, ապա հրաժարվիր ոչ միայն կենդանական ծագում ունեցող սննդամթերքից, այլև մոլի սովորություններից
Եթե որոշել ես պահել Մեծ Պահքը, ապա որոշել ես հոգու խոնարհումով, ապաշխարությամբ և ողորմության հույսով սկսել մի ճանապարհ, որը հենց քո առաջ է բացելու Երկնքի արքայության դռները:
Եթե որոշել ես պահել Մեծ Պահքը, ապա առաջնահերթ գիտակցիր դրա հոգևոր խորհուրդը, իսկ սննդակարգին հետևելը դարձրու քեզ համար երկրորդական ու բնականոն ընթացք, որին հետևելը քեզ համար լինի ոչ թե տանջանք, այլ անհրաժեշտություն:
Եթե որոշել ես պահել Մեծ Պահքը, ապա հրաժարվիր ոչ միայն կենդանական ծագում ունեցող սննդամթերքից, այլև մոլի սովորություններից, ստախոսությունից, հայհոյանքից, բամբասանքից, այն ամենից, ինչը թույլ չի տա ներդաշնակ լինել ինքդ քեզ հետ:
Եթե որոշել ես պահել Մեծ Պահքը, ապա ժամանակ գտիր, որ ընթերցես Ավետարանը, ներկա գտնվես Ս. Պատարագներին:
Եթե որոշել ես պահել Մեծ Պահքը, ապա որոշել ես դառնալ քո առաջին քննադատը, լինել սեփական սխալներիդ կրողը, պատասխանատվություն կրել բոլոր արարքներիդ համար:
Եթե որոշել ես պահել Մեծ Պահքը, ապա ձերբազատվիր այն բոլոր մտավախություններից, որոնք կարող են քեզ խանգարել, քանի որ դու անտրտունջ 48 օր պիտի քայլես ու գնաս ընդառաջ Լույսին:
Քեզ համբերություն, ընթերցի՛ր բոլոր կետերը, երբ հուսահատված կլինես կամ մոռացած իրական խորհուրդը և հեշտ կտանես Մեծ Պահքի օրերը, համոզված եղիր:
Լիլիանա Օսիպյան
Qahana.am