Մետաղյա ամրանով և թեյնիկով բազմաթիվ հարվածներ է հասցրել 20-ամյա կնոջը` հասցնելով մահվան. Շենգավիթում տեղի ունեցած դաժան սպանության մանրամասները
Շենգավիթում տեղի ունեցած ընտանեկան բռնության` սահմռկեցուցիչ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել 20-ամյա կնոջը դաժանաբար ծեծելու համար, որի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ դաժան բռնության դեպքը տեղի է ունեցել 2018 նոյեմբերի 11-ին. Վաղ առավոտյան` ժամը 09.05-ին, բժշկական կենտրոնից ահազանգել են, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին: Մեկ օր անց երիտասարդ կինը հիվանդանոցում, առանց գիտակցության գալու մահացել էր:
Ամուսինը, ով նրանից մեծ է մոտ տաս տարի, ասել էր, թե կինն ընկել է աստիճաններից եւ ոստիկանությունը նրան ազատ էր արձակել: Սակայն քրեական գործը ոստիկանությունից Շենգավիթի քննչական բաժին տեղափոխվելուց հետո կտրուկ փոխվեց աւ բացահայտվեց դաժան իրականությունը: Դեպքի վայր հանդիսացող բնակարանի զննությամբ փաստերը վկայել են կիրառված բռնության մասին` ջարդուխուրդ արված իրեր, արյան հետքեր, ինչից անմիջապես հետո տղամարդը ձերբակալվեց:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` նախաքննության վարկածով 2018 թվականի նոյեմբերի 11-ին` ժամը 06:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ամուսինը, խանդի հողի շուրջ վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Քրիստինե Իսկանդարյանի հետ, որի ընթացքում վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, նախ ձեռքով, ոտքերով, ապա նաև մետաղյա ամրանով և մետաղյա թեյնիկով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխի, դեմքի, որովայնի, ինչպես նաև մարմնի մյուս մասերի՝ պատճատելով կյանքի վտանգ սպառնացող ծանր վնաս: Ստացած վնասվածքներից 12.11.2018թ ժամը 22:00-ի բշժկական կենտրոնում նա մահացել է:
Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու գործն ուղարկվել դատարան:
Նշենք, որ 30-ամյա տղամարդը նախկինում դատապարտվել է գողության համար: Ավելին` ներկայումս նրա վերաբերյալ դատարանի վարույթում է գտնվում նաեւ մեկ այլ քրեական գործ, որով կրկին մեղադրվում է գողության մեջ: