Ինժեներաշինարարական աշխատանքներ՝ ադրբեջանա-հայկական սահմանի ադրբեջանական կողմում

168.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանա-հայկական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիները արագացված տեմպերով շարունակում են առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներ իրականացնել բետոնային, երկաթբետոնային կոնստրուկցիաներով:

Դա ակնառու է հատկապես հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում: Ըստ մեր աղբյուրների՝ այնտեղից պարբերաբար ահազանգեր են ստացվում, ընդ որում, բավականին սթափեցնող, որպեսզի թույլտվություն ստանան կանխել այդ շինարարական աշխատանքները, սակայն Կառավարությունը չի շտապում թույլատրել մեր զինվորականներին դրանք կասեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Ամենայն հավանականությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում «վերելակային պայմանավորվածության» շրջանակներում իր տված զինադադարի պահպանման խոստումը:

Այնինչ ստացվում է, որ ՀՀ վարչապետը միակողմանի է հետևում և պահպանում Դուշանբեում ստանձնած պարտավորությունները, քանի որ ադրբեջանական կողմը, ըստ էության, փաստացի ուժեղացնում է առաջնագիծը ինժեներական-շինարարական աշխատանքներով:

Չի բացառվում, որ, ինչպես կանխատեսում են որոշ ռազմական փորձագիտական շրջանակներ, մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանը սահմանի ողջ երկայնքով դիմի ռազմական գործողությունների վերսկսմանը, և վերոնշյալ աշխատանքները կատարվում են հենց այդ նպատակով:

168.am-ը այս կապակցությամբ պարզաբանում խնդրեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Ադրբեջանական կողմը սահմանի ողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ միշտ է կատարում, դա նոր բան չէ։ Նույնն էլ մենք ենք անում։ Դրանում ոչ մի արտառոց բան չկա»: 

Հիշեցնենք, որ հայկական մամուլը դեռևս անցյալ տարի ամիսներ շարունակ գրում էր այն մասին, որ այդպիսի ինժեներաշինարարական աշխատանքներ Ադրբեջանն իրականացրել է նաև Նախիջևանի հատվածում: Ըստ ամենայնի, դրանք այնտեղ ավարտելուց հետո ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ադրբեջանա-հայկական սահմանի ողջ երկայնքով այդ աշխատանքները կատարելուն:

Ամեն դեպքում, Տավուշում լուրջ անհանգստություն կա այդ կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս