«Հարցն այն է, թե ո՞ր քաղաքացիներին է սա վերաբերում». Աղասի Ենոքյանը՝ ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու՝ կառավարության մտադրության մասին

«Ժամանակ» թերթն այսօր տեղեկություն էր տարածել, թե Կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հայտարարել Քաղաքացու օր և այն դարձնել ոչ աշխատանքային օր։ 

Համացանցում բուռն քննարկումներն այս հարցի շուրջ դեռևս շարունակվում են: Մի մասը ողջունում է, մի մասը՝ դատափետում, մի մասն էլ հայտարարում է, որ նման քայլն աբսուրդ կլինի, քանի որ իշխանությունը չի կարող Քաղաքացու օր հռչակել Հայոց ցեղասպանության օրվան նախորդող օրը:

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։

Պարոն Ենոքյան, ըստ մամուլի՝ ՀՀ կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը հռչակել Քաղաքացու օր և այն հայտարարել ոչ աշխատանքային, քանի որ նախորդ տարի այդ  օրը հրաժարական է ներկայացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ձեր կարծիքով՝ արդյո՞ք ճիշտ է նման որոշում կայացնելը։

– Մեր իշխանությունները շատ մեծ նշանակություն են տալիս հեղափոխական սիմվոլիկային։ Այս շարքին պետք է դասել՝ ինչպես հեղափոխության թմբուկի, ուսապարկի ու կոշիկների հիման վրա հեղափոխության թանգարան հիմնելու մտայնությունը, Հայաստանի Հանրապետության հիմնը փոփոխելու ջանքերը, հեղափոխության անդամների համար միասնական սափրվելու կոդ մշակելը, և շատ այլ սիմվոլների կանոնիզացիան։

Միաժամանակ պետք է նշել, որ հեղափոխությունն իր հիմնական նպատակին՝ քաղաքացու համար անվտանգ ու արժանապատիվ կյանք ստեղծելուն, դեռ չի հասել, նույնիսկ շատ դեպքերում հետընթաց է ապրել մինչհեղափոխական ցուցանիշներից։ Թերևս, հեղափոխության արժեքների բացարձակացումն ու վիզուալիզացիան՝ նաև Քաղաքացու օրվա միջոցով, նպատակ ունի ձևի և բովանդակության միասնականության դիալեկտիկայի տրամաբանությամբ խթանել նաև արժեքներին հասնելու գործընթացը։ Ինչպես ասում են, եթե շատ ասես՝ «մեղր», ի վերջո, բերանդ կքաղցրանա։

– Նման քայլն ի՞նչ նպատակ է հետապնդում, և արդյո՞ք ամբողջ տարվա ընթացքում մեկ օր պետք է լինի քաղաքացու օր։

– Ամբողջ հարցն այն է, թե ո՞ր քաղաքացիներին է սա վերաբերում. այն քաղաքացիներին, որոնց օգնությամբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանությա՞ն, թե՞ այն մյուս քաղաքացիներին, ովքեր ծույլ են, չեն աշխատում, սպասում են նպաստների, և գլուխներն աղքատ է։ Ի վերջո, չմոռանանք, որ ըստ կառավարության գնահատականների,՝ վերջիններիս թիվը նույնպես մեծ է՝ շուրջ 800 հազար, և նրանք այս տոնից անմասն են մնալու։

Պարզ է, որ ոչ աշխատանքային օրը նրանց համար արժեք չէ, քանի որ իրենք առանց այն էլ չեն աշխատում, սակայն նրանք էլ են մեր քաղաքացիները, արժեր, որ մի ձևի տոն էլ նրանց տրվեր։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս