Լիլիթ Հովհաննիսյանի երևանյան մենահամերգին տեղի կունենա նրա «Dream» տեսահոլովակի պրեմիերան
Լիլիթ Հովհաննիսյանի նոր «Dream» երգի տեսահոլովակը նկարահանվել է տարվա բոլոր եղանակներին`ամռանը, աշնանը, ձմռանն ու գարնանը: Այն հարուստ է բազմաթիվ տեսարաններով և բավականին գունեղ է:
Երգի հիման վրա նկարահանված հոլովակի պրեմիերան նախատեսված է երգչուհու երևանյան մենահամերգին, որը տեղի կունենա մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը կատարել է MG-ն (ԱՄՆ), իսկ հագուստների հեղինակը Լիլիթ Հովհաննիսյանն է:
Երգի և տեսահոլովակի համացանցային և հեռուստատեսային պրեմիերան ավելի ուշ է լինելու:
Հայկական էստրադայի ամենակրեատիվ երգչուհու «Dream» խորագրով համաշխարհային շրջագայության ընթացքում Լիլիթ Հովհաննիսյանն իր երկրպագուներին մեծ տոն կնվիրի՝ ելույթներ ունենալով ավելի քան 70 քաղաքում: Շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից:
Համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Իսպանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի և այլ երկրների քաղաքներում:
Լիլիթ Հովհաննիսյանի և նրա շրջագայության կարգախոսը հետևյալն է. «Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը»: