
«Էրդողանի գրառումը վիրավորում է ժողովրդի կեսին, ինչն անընդունելի է և ամոթալի». Մերալ Աքշեներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում գրառում է կատարել մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Գրել է, որ Թուրքիայում այսօր երկու դաշինք առճակատման մեջ են. իշխող կուսակցության և «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) կազմած «Ջումհուր» (Ժողովուրդ) դաշինքը մրցակցում է «ստոր դաշինքի» հետ:
«Ստոր դաշինք» ասելով՝ Էրդողանը նկատի ունի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ), ազգայնական «Լավ» կուսակցությանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ) և «Երջանկություն» կուսակցությանը (SP):
Էրդողանի գրառմանն արձագանքել է ազգայնական «IYI» (Լավ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները՝ տարածելով գրավոր հայտարարություն:
«Նախագահի կատարած վիրավորական գրառումն անընդունելի վերաբերմունք է մեր ժողովրդի առնվազն կեսի հանդեպ: Թուրքական պետության ավանդույթներից գիտենք, որ նախագահը չի կարող վիրավորել ժողովրդին: Դա ամոթալի և սխալ է»,- նշել է ընդդիմադիր կուսակցապետը՝ կոչ անելով հարգել սեփական ժողովրդին: