ԿԺԴՀ-ն պատժամիջոցների չեղարկում էր ցանկանում, բայց ԱՄՆ-ը մերժեց. Թրամփ
ԿԺԴՀ-ն պատժամիջոցների չեղարկում էր ցանկանում, բայց ԱՄՆ-ը մերժեց: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա ճշտել է, թե այն, ինչ ԿԺԴՀ-ն պատրաստ էր տրամադրել պատժամիջոցների չեղարկման փոխարեն, չէր բավարարում ԱՄՆ-ին: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԿԺԴՀ-ն բոլոր պատժամիջոցների չեղարկում էր ցանկանում Յոնբենի միջուկային օբյեկտի ապամոնտաժման դիմաց: Ընդ որում, ինչպես նշել է Թրամփը, ԱՄՆ-ը չի պլանավորում խստացնել պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ եւ դրանք բավարար է համարում:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Կիմ Չեն Ունը խոստացել է չանցկացնել միջուկային ու հրթիռային փորձարկումներ: Ընդսմին Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը շուտով ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումներ է անցկացնելու: Թրամփը նաեւ հայտարարել է, որ գագաթնաժողովի արդյունքներով՝ ԿԺԴՀ-ի հետ կոնկրետ համաձայնություններ չկնքելու որոշումը միանձնյա չի եղել: Նա հավելել է, որ համաձայնագիրը պատրաստ էր ստորագրման, բայց կողմերը որոշեցին հրաժարվել դրանից: Թրամփը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն շատ արդյունավետ գագաթնաժողով են անցկացրել:
ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ գագաթնաժողովն ավարտվել է բարեկամական նոտայով, չնայած տարաձայնություններին: Սպիտակ տան ղեկավարը կարեւորել է ԿԺԴՀ-ի խնդրի շուրջ համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ: Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ վերադառնալու ճանապարհին Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ղեկավարներին կտեղեկացնի Հանոյի գագաթնաժողովի արդյունքների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: