Պակիստանի վարչապետը երկխոսության կոչ է արել Հնդկաստանին
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կոչ է արել Հնդկաստանի ղեկավարությանը Քաշմիրի վիճելի տարածաշրջանի շուրջ ճգնաժամը կարգավորել երկխոսության ճանապարհով՝ ընդգծելով, որ երկու հարեւան երկրների հարաբերություններում լարվածության հետագա սաստկացումը կարող է «դուրս գալ հսկողությունից»։
«Հնդկաստանի կառավարությանն իմ հարցը հետեւյալն է՝ հաշվի առնելով այն, թե ինչ զենք ունեք դուք եւ ունենք մենք, կարող ենք արդյոք մեզ վրիպումներ թույլ տալ: Ինչի կբերի այդ լարվածությունը: Այն դուրս կգա հսկողությունից՝ իմ կամ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի: Ես դարձյալ հրավիրում եմ ձեզ նստել բանակցությունների սեղանի շուրջը: Թույլ տվեք ինձ վերստին նշել, որ ողջամտությունը պետք է հաղթանակի: Մենք պետք է մեր խնդիրները լուծենք երկխոսության ճանապարհով»,- ասել է Խանը ազգին հղած ուղերձում՝ մեկնաբանելով Քաշմիրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Ավելի վաղ Պակիստանի զինված ուժերի մամուլի ծառայության ղեկավար գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը հայտարարել է, որ Պակիստանի բանակը ձերբակալել Է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու օդաչուների, որոնց ինքնաթիռները փետրվարի 27-ի առավոտյան խփվել էին երկրի օդային տարածությունը խախտելուց հետո, նրանցից մեկին բուժօգնություն է պահանջվում: ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ամենայն ուշադրությամբ հետեւում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ստեղծված իրադրության զարգացմանը եւ կոչ է անում երկու երկրների կառավարություններին «առավելագույն զսպվածություն» դրսեւորել:
Եվրամիությունը նախօրյակին կոչ է արել Հնդկաստանին եւ Պակիստանին՝ զսպվածություն դրսեւորել եւ թույլ չտալ լարվածության սաստկացում: Ինչպես հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը. «Մենք համակ ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերություններում, շփման մեջ ենք մնում երկու երկրների հետ: Մեր դիրքորոշումն այն է, որ բոլորն առավելագույն զսպվածություն դրսեւորեն լարվածության հետագա սաստկացում թույլ չտալու համար»: Համանման կոչով կողմերին դիմել Է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն:
Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել Է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ: Հնդկաստանի Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել է որպես «անապացույց»՝ Նյու Դելիին առաջարկելով տեղի ունեցածի համատեղ հետաքննություն անցկացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: