Բաժիններ՝

Որո՞նք են Իրանի և Հայաստանի միջև ավելի ամուր և ավելի ընդլայված կապեր ունենալու հիմնական ոլորտները. մանրամասնում է Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու, ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու և ընդհանրապես այդ ոլորտում առկա հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այդ մասին ասել է IRNA գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են Իրանի և Հայաստանի միջև ավելի ամուր և ավելի ընդլայված կապեր ունենալու հիմնական ոլորտները:

«Էներգետիկայի ոլորտն, անշուշտ, զարգացման մեծ ներուժ անի: Այս ոլորտում մենք ունենք համատեղ լուրջ ծրագրեր, ինչպես օրինակ գազ/ էլեկտրաէներգիա փոխանակում, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցում: Շարունակվում են բանակցությունները Մեղրի ՀԷԿ-ի նախագծի շուրջ,որը վերջերս վավերացվեց նաև Իրանի Մեջլիսի կողմից։ Քննարկվում են մի շարք այլ ծրագրեր ևս: ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում առևտրատնտեսական համագործակցության համար: Առաջիկա ամիսներին այս իմաստով անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական միջոցառումներ իրականացնել»,- ասել է ՀՀ վարչապետը:

Որպես կարևոր բնագավառ ՀՀ վարչապետն առանձնացրել է մշակութային ոլորտում համագործակցությունը: Նա ընդգծել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են գրահրատարակչության, կինոյի, ֆիլմարտադրության, պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանման բնագավառները, թանգարանային և գրադարանային գործը: «Համագործակցում ենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Ինչպես գիտեք, Իրանի ջանքերի շնորհիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են գրանցվել Սուրբ Թադեոս և Սուրբ Ստեփանոս վանական համալիրները:

Հայաստանը պատրաստել է ամբողջական փաթեթ՝ Երևանի «Կապույտ Մզկիթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներկայացնելու համար: Ներկայումս իրանական կողմի հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում և որոշ շտկումներից հետո, այն պատշաճ կերպով կներկայացվի: Կարևոր մշակութային իրադարձություն էր Իրանի ազգային թանգարանում կայացած «Հայաստան և Իրան. Հողի հիշողությունը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշներ»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նա հավելել է, որ Հայաստանում տեղի է ունենում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը և ուրախությամբ նշել, որ փառատոնին որպես կանոն ակտիվ կերպով ներկայացված են իրանցի ռեժիսորների ՝ Աբբաս Քիառոստամիի, Ասղար Ֆարհադի և այլոց ֆիլմերը: «Ի դեպ, վերջինս նախագահել է նաև Ոսկե Ծիրանի 15-րդ փառատոնի մրցավարական խումբը, իսկ նրա «Նադերի և Սիմինի ամուսնալուծություն» ֆիլմը հաղթող է ճանաչվել փառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմեր» անվանակարգում: Վերոնշյալ և համանման այլ ծրագրերը լավ հնարավորություն են հայ և իրանցի ժողովուրդների համար միմյանց մշակույթներին ծանոթանալու և հաղորդակից լինելու տեսանկյունից»,- ընդգծել է Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս