
«Իրանի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգում են նաև Հայաստանին». Նիկոլ Փաշինյանը՝ պատժամիջոցների մասին

Հայաստանը հետևում է Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին, քանի որ այդ երկիրը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Իրան այցին ընդառաջ IRNA գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Նա հիշեցրել է, որ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որ 2015թ. ողջունեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, քանի որ Հայաստանը ղեկավարվել է այն տեսլականով, թե ինչպիսի հնարավորություններ են բացվում տարածաշրջանային կայունության և համագործակցության առումով:
«Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է: Մենք հետևում ենք Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին: Բնականաբար, Իրանի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգում են նաև մեզ: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է կոորդինացված աշխատել, վարել բաց երկխոսություն և իրանական կողմի, և գործընթացում ներգրավված մյուս կողմերի հետ: Մենք հստակ ներկայացնում ենք մեզ անհանգստացնող խնդիրները, մեր մտահոգությունները և մեր դիրքորոշումը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը կարող է դրական գործոն լինել խնդիրների լուծման որոշումների որոնման հարցում»,- ասել է Փաշինյանը: