Վարչապետն այսօրվանից նաև սփյուռքի նախարար է

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի համար կառավարման համակարգում թիվ մեկ խնդիրը հաղորդակցվելու պակասն է:

«Քաղաքական հաղորդակցությունը մեզ մոտ միշտ խնդիր է եղել: Շատերն են հարցնում՝ ճի՞շտ է կառավարության կառուցվածքային փոփոխությունը: Իսկ մեզ հետ հաղորդակցվե՞լ են, որ հասկանանք, թե ի՞նչ են ուզում անել: Մինչև չներկայացնեն տեսլականը՝ դժվար է գնահատական տալ: Եթե բացատրեն, միգուցե պարզվի, որ շատ էլ ճիշտ ու լավ որոշում է: Ես սպասում եմ ԱԺ-ում քննարկումներ սկսելուն, այդ հաղորդակցմանը, մանրակրկիտ բացատրելուն: Պետք է ասեն, թե ի՞նչն է նպաստել մտածել, որ կառուցվածքային փոփոխության դեպքում ավելի էֆեկտիվ են աշխատելու: Հիմա միայն կցկտուր տեղեկություններ ունենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասց Թևան Պողոսյանը:

«Անհրաժեշտ է սկսել հանրային խոսքը տեղ հասցելու խնդրից, որից հետո պետք է բացատրել ու հիմնավորել: Սփյուռքի նախարարը մի կողմից՝ տեխնիկապես կարող էր մնալ իր տեղում, նախարարությունն էլ դառնար 30 հոգանոց մեկ նախարարություն, իսկ հիմա լինելու է վարչապետի ենթակայության ներքո գտնվող հանձնակատար ու ինչ-որ մի թիմ:

Դա նշանակում է, որ պետք է հասկանանք, որ վարչապետն այսօրվանից ինչ-որ մի մասով նաև սփյուռքի նախարար է, որովհետև ինքն է կառավարությունում հաշվետու լինելու, հանձնակատարը չի դառնալու կառավարության անդամ»,- հավելեց Թևան Պողոսյանը:

ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանն էլ ցավ հայտնեց՝ նշելով, որ անկախ նրանից, թե կառավարման ձևը, ոճը ինչպիսին է, հարցն այն է, որ Հայաստանում դեռ լիարժեք չեն գնահատում, գիտակցում, որ կառավարիչը դա մասնագիտություն է:

«Պետք է անպայման սովորել: Տնտեսագիտական համալսարանն ունի կառավարիչ պատրաստելու համակարգ, բայց հոգեբանություն չեն անցնում, ես հարց եմ տալիս՝ եթե խոսքը վերաբերում է մարդկանց կառավարելուն, ինչպե՞ս կարող են մարդկանց կառավարել՝ առանց իմանալու մարդուն: Դա անհնար է: Դրա համար հաճախ օրենքներն են առաջնային դեր ունենում, քան մարդը: Մենք մինչև չփոխենք մեր մտածելակերպը, որ ամենամեծ հարստությունը մարդն է, շատ խնդիրներ կարող ենք ունենալ»,- նկատեց հոգեբանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս