
«Իրանի ղեկավարությունը վստահում է Զարիֆին». Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը, այդ թվում՝ երկրի գերագույն ղեկավար Ալի Խամենեին, վստահում է նրան։
«Ձերդ գերազանցությունը վայելում է իմ եւ Իրանի Իսլամական Հանրապետության, մասնավորապես, գերագույն ղեկավարի վստահությունը»: Շարունակեք ձեր ճանապարհը համարձակորեն, տոկունորեն ու ողջամտորեն»,- գրել է Ռոուհանին Զարիֆին հղած նամակում, որի տեքստը հրապարակված է նախագահի կայքում: Ռոուհանին նշել է, որ հրաժարվում է ընդունել նրա հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:
«Ես համաձայնություն չեմ տալիս Ձերդ գերազանցության պաշտոնաթողությանը եւ այն աննպատակահարմար եմ համարում երկրի շահերի համար»,- ասված է նամակում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լույս փետրվարի 26-ի գիշերը հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը:
«Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել է Զարիֆն իր Instagram-ում: Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել է 2013 թվականի օգոստոսից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: