Բաժիններ՝

Petto. Հայկական համակարգը թույլ կտա շփվել բույսերի հետ

Կա տարածված կարծիք, որ տնային բույսերը լավ են աճում, երբ դրանց հետ հաճախ են շփվում, կամ՝ լավն է տվյալ տան մթնոլորտը: Առհասարակ, նշվում է, որ պետք է խոսել, երգել և շփվել բույսերի հետ: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս պարբերբար շփվել բույսերի հետ՝ հավելվածի և մեսենջերի միջոցով: Խոսքը հայկական արտադրության Petto համակարգի մասին է, որը հասկանում է, թե ինչի կարիք ունի բույսը և ուղարկում է հաղորդագրություն:

Արհեստական բանականությամբ աշխատող այս համակարգը ոչ միայն ցույց է տալիս, թե ինչի կարիք կամ պակաս ունի բույսը, այլ ապահովում է հաղորդակցություն բույսի և մարդու միջև: Այժմ կան շատ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իմանալ բույսի վիճակի մասին հավելվածների միջոցով: Հայկական համակարգը տարբերվում է նրանով, որ չի տալիս պարզապես տվյալներ, այլ շեշտը դնում է հենց շփման վրա:

Առայժմ հաղորդակցությունը իրականանալու է միայն հաղորդագրությունների և էմոջիների միջոցով: Բույսի անունից ուղարկվող հաղորդագրությունները չեն լինելու ստանդարտ և արտահայտելու են բույսի տարբեր էմոցիաները:

Այս գաղափարի հեղինակներից մեկը՝ Աշոտ Գասպարյանը, 168.am-ի հետ զրույցում նշում է, որ նախագծի գաղափարն առաջարկել է իր ընկերը:

«Ընկերս ասաց, որ իր շրջապատում կան շատ մարդիկ որոնք բույս են պահում, և նրանք խնամելու ընթացքում խոսում են իրենց բույսերի հետ: Եվ ի՞նչ կլինի եթե բույսերը պատասխանեն նրանց խնամող մարդկանց: Այդպես էլ ծնվեց նախագիծը»:

Աշոտ Գասպարյանը նշում է, որ այս գաղափարի միջոցով բույսը նմանվում է ընտանի կենդանու, ում հետ կարելի է շփվել: Համակարգի անունն էլ պարունակում է այն գաղափարը, որ բույսը պետք է դառնա ընտանի կենդանու նման:

«Եկավ Pet հասկացությունը` որպես ընտանի կենդանի ու այդպես դարձավ Peto: Հետո մտածեցինք, որ կարող ենք մի քիչ իտալական թեքվածություն տալ անվանմանը ու ավելացրինք երկրորդ t-ն: Դարձավ Petto»:

Ինչպես նշեցինք, մարդու և բույսի միջև շփումը իրականանալու է հավելվածի միջոցով: Համակարգը ուղարկելու է տվյալներ, իսկ օգտատերեը ստանալու է դրանք հաղորդագրության միջոցով և ուղարկելու է պատասխան:

Համակարգը աշխատելու է սենսորների միջոցով: Աշոտ Գասպարյանը պատմում է, որ հիմնական սենսորները տալու են տվյալներ հողի խոնավության, տարածքի ջերմաստիճանի և խոնավության լուսավորության մասին:

Համակարգը առանձնահատկություններից է նաև արևային մարտկոցը՝ լիցքավորման համար:

Համակարգը դեռևս մշակման փուլում է: Աշոտ Գասպպարյանը նշում է, որ Petto-ի նախատիպը պատրաստ կլինի մայիսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս