«Դասագրքերը երկհատոր դարձնելը լավ որոշում է, խնդիրը միայն կապված է հրատարակիչների հետ». Փորձագետ
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ դպրոցներում դասագրքերը երկհատոր դարձնելը լավ որոշում է, պարզապես այստեղ հիմնական խնդիրը կապված է հրատարակիչների հետ։
«Եթե հրատարակիչները երկու հատորով են գիրքը տպագրելու, նշանակում է, որ իրենք պետք է լրացուցիչ ծախսեր անեն գրքի շապիկի ու նկարների համար, և քանի որ ԿԳ նախարարը հայտարարել է, որ գինը չի փոխվելու, այսինքն՝ կստացվի, որ հրատարակիչների շահույթը մի փոքր կնվազի։ Նաև, հաշվի առնելով, որ որոշ հրատարակիչներ ավելի փոքր տպաքանակով են աշխատում, նրանց պարագայում այս գործընթացը կարող է ֆինանսական խնդիրներ առաջացնել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սերոբ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քննարկել են և որոշել, որ դասագրքերը պետք է դարձնեն երկհատոր՝ դպրոցական պայուսակները թեթևացնելու համար։ Նա նաև տեղեկացրել էր, որ այս ամենը ծնողների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չի պահանջելու։
Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ գրքերը երկհատոր դարձնելուց հետո դպրոցական պայուսակները կթեթևանան, չնայած շատ ավելի լավ է, երբ ամեն ինչ մեկ դասագրքում է լինում։
«Բայց կարծում եմ՝ սա այդքան էլ էական հարց չէ, կարևորը՝ այդ թեթևացումը լինի, սա լավ որոշում է։ Ըստ իս՝ այս նախաձեռնությունը պետք է վերաբերի՝ ինչպես կրտսեր, այնպես էլ՝ ավագ դասարաններում սովորողներին, քանի որ միայն ցածր դասարաններում սովորողների պայուսակները չէ, որ ծանր են, բարձր դասարանցիների մոտ պայուսակներն ավելի ծանր են, ես որքանով հասկացա՝ այս հարցն ամբողջապես կլուծվի մինչև 2023 թվականը, ինչպես ասել էր նախարարը»,- ասաց Ս. Խաչատրյանը։
Զվարթ Խաչատրյան