Ս. Պողոս առաքյալի թղթում ասվում է, թե ի՞նչ է սերը, ինչպե՞ս հասկանալ
Ս. Պողոս առաքյալի թղթում ասվում է, թե ի՞նչ է սերը: Ինչպե՞ս հասկանալ:
Քրիստոնեական եկեղեցին սիրո ամենավառ օրինակը համարում է Հիսուս Քրիստոսի խաչի վրա տարած չարչարանքները` հանուն մարդկության փրկության (տե´ս Հովհաննես 3:16; 15:13): Հիսուս Իր երկրային կյանքում բազում օրինակներով սովորեցրեց մարդկային ճիշտ հարաբերությունները, որոնք հիմնված էին ներելու, համբերելու և այլ առաքինությունների վրա: Ս. Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված թուղթն իր մեջ ներառում է այն բոլոր հատկանիշները, որ պիտի ունենա յուրաքանչյուր մարդ:
Կարդացեք 13-րդ գլուխն ամբողջությամբ և 4-րդ տողից սկսած՝ կտեսնեք, թե սերն ինչ կարևոր, դրական, հոգենորոգ հատկություններ է պարունակում: Ստուգեք Ձեզ` համբերո՞ղ եք, ներո՞ղ եք, չե՞ք բարկանում…
Մեզ նաև պատգամվում է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մարկ. 6:31), «Այն ամենը, ինչ կկամենայիք, որ մարդիկ ձեզ անեն, դուք արեք նրանց» (Մատթ. 7:12): Եթե ուշադիր հետևենք, կտեսնենք, որ ամեն մեկիցս պահանջվում է սիրել մարդկանց` առանց նրանց դատելու, ընդունելով նրանց այնպես, ինչպիսին որ կան, քանի որ մենք էլ ենք մյուսների պես սխալվում: Սա շարունակական ընթացք ունի, միշտ պիտի աշխատենք բարիք գործել` մեր կարողությունների սահմանում: Եթե կարողանանք այս հատկանիշներով ապրել, ապա ընտանիքում կտիրի սեր և խաղաղություն, ծնողներին կսիրենք` պատվելով նրանց, ընկերների նեղության պահին իրենց կողքին կլինենք… Սիրո յուրաքանչյուր դրսևորում իր մեջ պիտի նախանձ, չարություն և նմանօրինակ արտահայտություններ չունենա: Դրանցից ազատվելու համար էլ պետք է աշխատել, աղոթել, եկեղեցում լինել՝ Պատարագին մասնակցել և հաղորդվել Տեր Հիսուս Քրիստոսի հետ, Աստծո խոսքը կարդալ… Հիսուս կօգնի մեզ փոխվել և սիրել, ներել, ընդունել մարդկանց` իրենց բոլոր թերություններով հանդերձ:
Այլ կերպ ասած` պետք է անանձնական սեր տածել մարդկանց հանդեպ:
Qahana.am