
Լեռնահովիտ գյուղում այրվել են 100 հա խոտածածկույթ, 50 հա անտառածածկ տարածք

Փետրվարի 22-ին՝ ժամը 13:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղին հարակից անտառի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհն արդեն տարածվել է դեպի անտառածածկ տարածք: Այրվում է 40 հա խոտածածկույթ, որից 10 հա՝ անտառածածկ տարածքում:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում 15 փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:55-ին:
Այրվել են մոտ 100 հա խոտածածկույթ, 50 հա անտառածածկ տարածք, որից 0.5 հա եղևնիների տնկիներ են և մոտ 20 մեծ եղևնի: