Բաժիններ՝

Տիմոշենկոն նախազգուշացրել է նախագահական ընտրություններում Զելենսկու հնարավոր հաղթանակի հետևանքներից

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ուկրաինացիներին հորդորել է իրենց վրա փորձեր չանցկացնել եւ քվեարկել այն թեկնածուների օգտին, որոնք գիտեն ինչ անել երկրի նախագահի պաշտոնում: Տիմոշենկոն այս կերպ է պատասխանել փետրվարի 22-ին մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների այն հարցին, որը վերաբերում էր առաջիկա նախագահական ընտրություններում շոումեն Վլադիմիր Զելենսկու հնարավոր հաղթանակին:

«Ես այն բանի կողմնակիցն եմ, որ ուկրաինացիներն ունենան ընտրության մեծ ներկապնակ, այսօր քվեաթերթիկում կարելի է գտնել բոլոր նրանց, ովքեր կարող են բավարարել ցանկացած պահանջ: Սակայն այժմ հարկավոր է մտածել այն մասին, որ Ուկրաինան 2019 թվականին, անկախության քսանիններորդ տարում, հայտնվել է ածելու սայրին. նախագահական ընտրություններից հետո երկիրը կամ առաջ կտանեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես դա անել, կամ հերթական անգամ Ուկրաինայի վրա փորձ կդրվի, եւ նա կշարունակվի գլորվել անդունդը»:

Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 31-ին, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ռեկորդային թվով՝ 44 թեկնածուների է գրանցել պետության ղեկավարի պաշտոնի համար: Վերջին հարցումների տվյալներով՝ Զելենսկին մնում է թեկնածուների վարկանիշի առաջատարը. նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 17,5 տոկոսը, իսկ նրանց շրջանում, ովքեր կողմնորոշվել են ընտրության հարցում՝ 19 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը դեռ մի քանի ամիս առաջ երրորդ-չորրորդ տեղից վեր չէր բարձրանում, անսպասելիորեն գրեթե հավասարվել է Տիմոշենկոյին: Նա 13,1 տոկոս եւ 16,8 տոկոս աջակցության ձայներ ունի, Իսկ Տիմոշենկոն՝ 11,5 տոկոս եւ 13,8 տոկոս՝ համապատասխանաբար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս