«Գումարները որ հետ են վերցնում՝ շատ ճիշտ է, սակայն կարևոր է, որ տարբերություն չդնեն, բոլորից էլ հետ վերցնեն»

«Հայաստանում պետք է լինի արդարադատություն, բայց այն պետք է ոչ թե առասպելական ձևերով, այլ տրամաբանության ճանապարհով լինի: Այն, ինչ հիմա է կատարվում, հիշեցնում է հավատաքննությունը (ինկվիզիցիա), բայց դժվար թե Հայաստանում այս պահին պետք գա այն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը՝ շեշտելով, որ այն անձը, ով կատարել է տնտեսական հանցագործություն, գումարներ է յուրացրել բյուջեից և ապօրինի եկամուտներ ունի, պետք է նախաքննական մարմինների հետ համաձայնության գա և վերադարձնի այդ գումարը:

«ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 21-ին անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը գումար վերադարձնելու տեղեկությանը՝ ասաց, որ պետությանը փոխանցվել է 18,5 միլիոն դոլար, իսկ այն մնացած 11,5 միլիոն դոլարը եղել են հարկային պարտավորություններ, չարաշահումներ և այլն, որը գանձվել է կոնկրետ ակտերով:

Իսկ առաջին մասնաբաժնի մասին ոչ ոք չի խոսում, որովհետև, ըստ ամենայնի, դրա բնույթը պարզ չէ»,- նշեց Նարինե Դիլբարյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի փոխանցմամբ՝  ԱՄՆ հարկային տեսչությունը տարեկան մշակում է 240 միլիոն հարկային հռչակագիր, հարկատուներին բաժանում են խմբերի, հանում են միջին ցուցանիշ, և եթե մեկի ցուցանիշը բարձր կամ ցածր է, տեսուչը գնում է տվյալ քաղաքացու մոտ ու հասկանում, թե ի՞նչ խնդիր կա:

«Եթե հռչակագրում նշվի գումարի ակունքը, դա մի քիչ կհեշտացնի հարկայինի ու ներքին գործերի մարմինների աշխատանքը:

Վերջին 20 տարիների ընթացքում տասնյակ շենքեր են կառուցվել ռուսական փողերով: Դա փողի լվացման եղանակ է եղել: Այժմ ակունքը փակ է, ու նման գումարներ չեն գալիս:

Գումարները որ հետ են վերցնում՝ շատ ճիշտ է, սակայն կարևոր է, որ տարբերություն չդնեն, բոլորից էլ հետ վերցնեն, ընտրովի մոտեցում չպետք է լինի, ոչ էլ հաշվեհարդարի նման մի բան»,- ընդգծեց Ահարոն Ադիբեկյանը:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը նույնպես համաձայնեց՝ հայեցողական մոտեցում չպետք է լինի:

«Բոլոր այն պետական հանցագործները, որոնք քրեական ճանապարհով խոշոր չափի գումար են յուրացրել՝ պետք է պատասխանատվություն կրեն, և չպետք է լինի հայեցողական մոտեցում»,- նկատեց Հովսեփ Խուրշուդյանը:

Նշենք, որ օրեր առաջ 5-րդ ալիքի եթերում  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել էր, որ մեծահարուստները պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքն ու հիմնավորեն ծագումնաբանությունը:

Նրա խոսքով՝ ցանկացած մեծահարուստ գործարար չի կարող հիմնավորել իր բիզնեսի 70 տոկոսի ծագումնաբանությունը, ուրեմն պետք է տա պետությանը։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս