«ՀԱԿ-ի առաջարկի մեջ տեսնում եմ միակողմանի մոտեցում՝ սահմանադրական վերմակը փորձում են տեղափոխել իրենց շահերի դաշտ». Նարինե Դիլբարյան

Փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել կառավարության 5-ամյա ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև նշել էր, որ անհրաժեշտ է մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին:

«Կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխությունների մասին ոչինչ չկար, այնինչ «Իմ քայլի» նախընտրական ծրագրում և դրանից առաջ էլ հնչում էին խոստումներ՝ Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ: Իսկ ՀԱԿ-ի առաջարկի մեջ ես տեսնում եմ միակողմանի մոտեցում,այսինքն՝ սահմանադրական վերմակը փորձում են տեղափոխել ոչ թե՝ ընդհանրական, այլ՝ իրենց շահերի դաշտ:

Հետևաբար, սահմանադրությունը փոփոխել նրա համար, որ վերադառնանք կիսանախագահական համակարգի՝ իմ կարծիքով՝ այնքան էլ նպատակահարմար չէ: Սահմանադրությունը պետք է փոփոխվի, բայց ոչ միայն այդ հատվածով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ խնդիրը ոչ թե սահմանադրության, այլ մեր որակի մեջ է:

Հովսեփ Խուրշուդյանն էլ՝ «Ժառանգություն» կուսակցությունից, նշեց, որ այս Սահմանադրությունը, բացի այն, որ կեղծված է, կարված է մեկ անձի համար, բայց, նրա խոսքով, ամեն ինչ պետք է հանգիստ, առանց արտաքին ճնշումների իրականացնել:

«Հինգ տարի ժամանակ կա՝ սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համար, չնայած, իմ կարծիքով, պետք է շարունակել մնալ խորհրդարանական հանրապետություն, ունենալ հավասարակշռված մեխանիզմներ: Մեզ առաջին հերթին՝ անցումային արդարադատություն է անհրաժեշտ. դատական համակարգը պետք է մաքրվի: Ես արդեն դատական վճիռներն եմ կասկածում: Արդյո՞ք արդար վճիռներ կլինեն, ու հանցագործները կպատժվեն»,- նկատեց Հովսեփ Խուրշուդյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս