
Բեռնի Սանդերսը Գուայդոյին չի ճանաչում Վենեսուելայի օրինական ղեկավար

Վերմոնտի նահանգից ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը, ով ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու է առաջադրվելու 2020 թվականի ընտրություններում, հայտարարել է, որ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին Վենեսուելայի օրինական նախագահ չի ճանաչում: Այդ մասին նա հայտնել է փետրվարի 21-ին Univision հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հաղորդավարը հարց է տվել Սանդերսին, թե նա Խուան Գուայդոյին համարում է արդյոք Վենեսուելայի օրինական նախագահը: «Ո՛չ,- պատասխանել է սենատորը:- Ես կարծում եմ, որ լուրջ հարցեր կան (Վենեսուելայում կայացած) վերջին (նախագահական) ընտրությունների կապակցությամբ, եւ կան մեծ թվով մարդիկ, ովքեր կարծում են, որ դրանք կեղծվել են: Եվ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է աշխատի միջազգային հանրակցության հետ՝ այնպես անելու, որ Վենեսուելայում տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: