ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վահե Էնֆիաջյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ջերմ ու բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցությունն ու միջազգային հարթակներում համատեղ աշխատանքը:
Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահեցրել, որ կներդնի բոլոր ջանքերը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման, դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, արձանագրել վերջին տարիների ձեռքբերումները: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության և վստահության մթնոլորտում:
Նույն օրը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի դարավոր ռազմավարական գործընկերությունը՝ առաջիկայում լայնամասշտաբ համագործակցության պատրաստակամություն հայտնելով: Վլադիմիր Վարդանյանը կարևորել է ՌԴ Պետական Դումայի և Դաշնության խորհրդի համապատասխան հանձնաժողովների հետ համագործակցված աշխատանքը, գործընկերների հետ պարբերական շփումները:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցությանը:
Դեսպանն ընդգծել է, որ վերջին օրերի իր հանդիպումների ընթացքում մշտապես զգացել է հայ խորհրդարանականների ձգտումը հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու և նոր մակարդակի հասցնելու հարցում: Նշելով, որ նոր քաղաքական իրողություններում բարձրացել է օրենսդիր մարմնի դերը՝ նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական կապերի խորացումը միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչն է:
Անդրադառնալով միջխորհրդարանական հարթակներում համատեղ աշխատանքին՝ Սերգեյ Կոպիրկինը կարևորել է համակարգված օրենսդրական աշխատանքը մասնավորապես ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում:
Կողմերն անդրադարձել են նաև եվրոպական և եվրասիական ինտեգրման ուղղություններով համակարգված ու ներդաշնակեցված քայլերի իրականացմանը, մեր երկրի վարած արտաքին ու ներքին քաղաքականության առանձնահատկություններին:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է նաև ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ :
Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել հայ և ռուս ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, կարևորել երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջև համագործակցության սերտացումը: Ըստ նրա՝ առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում կատարվող օրենսդրական փոփոխությունները քաղաքացիներն անմիջապես զգում են իրենց վրա, հետևաբար այդ ոլորտներում անհրաժեշտություն է միմյանց փորձին ծանոթանալն ու փոխօգնությունը:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորել է երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը և նշել, որ համագործակցության դեռևս չօգտագործված ներուժ կա բազմաթիվ ուղղություններով. նա առանձնացրել է, մասնավորապես, առողջարանային զբոսաշրջությունը, որի զարգացումը նպաստավոր կարող է լինել նաև այլ բնագավառների զարգացման համար:
Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական հանձնաժողովների մակարդակում շփումների աշխուժացումն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների իրականացումը: