Բաժիններ՝

Տիգրան Ավինյանն ու Ավստրիական զարգացման համագործակցության ներկայացուցիչը քննարկել են կոոպերատիվների ստեղծման հարցերը

Փետրվարի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին (Gerhard Schaumberger): Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը:

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Ավստրիական զարգացման համագործակցությանը կողմից իրականացվող ծրագրերի դերը` ի նպաստ Հայաստանում ժամանակակից գյուղատնտեսության զարգացման և հանդիպումը պատեհ առիթ համարել՝ համագործակցության նպատակները քննարկելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գերհարդ Շաումբերգեր նշել է, որ ԱԶՀ-ի ծրագրերի մեծ մասը գյուղատնտեսական բնույթի են, և իրենք պատրաստ են աջակցել կառավարությանը՝ այս ոլորտում իրականացվող բարեփոխումների գործում և ամրապնդել առկա համագործակցությունը: Նա նաև տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը սպասվում է ավստրիական առևտրական պատվիրակության այցելություն Հայաստան, որը նոր ազդակ կհաղորդի երկրների առևտրատնտեսական հարաբերություններին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսության, կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացման և կոոպերատիվների ստեղծման հարցերը:

Անդրադարձ է կատարվել 11,7 մլն եվրո բյուջե ունեցող «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում» ծրագրին, որ համաֆինանսավորվում է ԵՄ և ԱԶՀ կողմից (9,7 մլն և 2 մլն համապատասխանաբար) և իրականացվելու է ԱԶՀ կողմից:

2011 թ-ից ի վեր՝ ԱԶՀ-ը ֆինանսավորել է մոտ 30 մլն եվրո արժողությամբ մի շարք ծրագրեր Հայաստանում, որոնց մեծ մասը գյուղատնտեսական բնույթի են՝ վերջնական նպատակ ունենալով կրճատել աղքատությունը և նպաստել եկամուտների աճին:

Ընթացիկ ծրագրերի թվում են անասնապահության և օրգանական գյուղատնտեսության զարգացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս