Լոնդոնում հայտարարվել են BRIT Awards 2019-ի հաղթողները
The 1975 բրիտանական ինդի-ռոք խումբը (Մանչեսթր) BRIT Awards 2019 երաժշտական մրցանակի հաղթող է դարձել «Լավագույն բրիտական խումբ» եւ «Տարվա լավագույն բրիտանական ալբոմ» անվանակարգերում: Պարգեւների հանձնման արարողությունը փետրվարի 20-ի երեկոյան տեղի է ունեցել Լոնդոնի 02 համերգային հարթակում:
«Լավագույն բրիտանական սոլո կատարող» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ջորջ Էրզային, ով կատարել է Shotgun երգը, որի հոլովակը YouTube-ում դիտել է ավելի քան 157 մլն մարդ: «Լավագույն բրիտանական սոլո երգչուհի» է հայտարարվել Ջորջա Սմիթը, որը հանդես Է գալիս R&B ժանրում:
Շոտլանդացի դիջեյ Քելվին Հարիսը «Լավագույն պրոդյուսեր» կատեգորիայում BRIT Awards-ի իր առաջին պարգեւն ստացել է 16 անվանակարգերից հետո: Երգչուհի Դուա Լիպայի հետ համատեղ աշխատանքը, որը կրում է One Kiss անվանումը, նրանց հաղթանակ է բերել նաեւ «Տարվա լավագույն սինգլ» անվանակարգում: «Ես այստեղ եմ գալիս արդեն մի քանի տարի եւ երբեք որեւէ բան ասելու հնարավորություն չեմ ունեցել»,-իր տպավորություններն է կիսել Հարիսը:
The Carters ամերիկյան ամուսնական դուետը՝ Բեյոնսեի եւ Ջեյ-Զիի մասնակցությամբ, պարգեւ է ստացել «Լավագույն օտարերկրյա խումբ» անվանակարգում: ԱՄՆ-ից երգչուհի Արիանա Գրանդեն ճանաչվել է «Լավագույն օտարերկրացի սոլո երգչուհի», իսկ կանադացի ռեփեր Դրեյքը՝ «Լավագույն օտարերկրացի սոլո կատարող»:
«Երաժշտության բնագավառում ակնառու ավանդի համար» պարգեւն ստացել է ամերիկացի երգչուհի Փինքը, որը հանդիսատեսների առջեւ հանդես է եկել 10-րոպեանոց շոուով: Բրիտանացի երգիչ Էդ Շիրանն իր կարիերայի մեջ հերթական BRIT Awards-ն է ստացել «Միջազգային հաջողություն» անվանակարգում: BRIT Awards-ը հիմնվել է 1977 թվականին Ձայնագրման ինդուստրիայի բրիտանական ասոցիացիայի կողմից:
Այդ մրցանակը համարվում է ամերիկյան Grammy-ի բրիտանական նմանօրինակը: Անցյալում այդ մրցանակի դափնեկիրներ են դարձել The Beatles, Oasis խմբերը, ինչպես նաեւ Ռոբբի Ուիլյամսը, Դեւիդ Բոուին, Ադելը, Լեդի Գագան եւ բազմաթիվ այլ հայտնի կատարողներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: