ԱԱԾ պետը՝ Ալեքսանդր Սարգսյանի «50/50 փայ մտնելու», Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու և օդից կախված այլ լուրերի մասին

Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, երկու օր առաջ ձերբակալվել է զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա՝ կաշառք վերցնելու փաստով, նաև ձերբակալվել է Սննդի անվտանգության պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա՝ գումար վերցնելու պահին:

Ա.Վանեցյանը նշեց, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ դեռ չեն հրավիրել, աշխատանքները շարունակվում են, բայց տարածված լուրերը ժամանակավրեպ էին՝ դեռ տեղի չի ունեցել:

«Մենք այսօր աշխատում ենք շատ ծանրաբեռնված՝ կառավարության համակարգի ողջ սպեկտրով,- ասաց նա՝ հատուկ ուշադրություն հրավիրելով, որ ԱԱԾ-ի կողմից հարուցված գործերը որևէ թույլ կողմ չունեն, գուցե մի քիչ դանդաղ են գործում, բայց իրենք ամեն ինչ տեսնում են և պետք է միայն 100%-անոց ապացույցներ ունենան գործողություն անելու համար,- Էդ օդում կախված լուրերը մեզ չի վերաբերում, մեր ծառայությունը գործում է միայն փաստերով»:

Ալեքսանդր Սարգսյանի «50/50 փայ մտնելու» վերաբերյալ Ա.Վանեցյանը նշեց, որ իրենք իրենց քննությունը կավարտեն, որից հետո ամբողջական կհրապարակեն: Ըստ նրա՝ 18 մլն 500 հազար դոլար է փոխանցվել, բայց մնացած 11 մլն 500 հազար դոլարը եղել է հարկային պարտավորություններ, չարաշահումներ և այլն, որը գանձվել է կոնկրետ ակտերով՝ հարկային և այլն.

«Քրեական գործը շարունակվում է, արդյունքները կլինեն: Ու հավատացեք, 30 մլն դոլարը շատ մեծ գումար է, պետք չի իզուր սենսացիա ման գալ»:

Նա վստահեցրեց, որ Ա.Սարգսյանի հետ ինքը չի հանդիպել, չի խոսել, որևէ բան չի պայմանավորվել:

Անդրադառնալով Լևոն Սարգսյանին հետ բերելու խնդրին՝ Վանեցյանը հայտարարեց, որ տեղը գիտեն, արաբական երկրներից մեկում է, բայց արտահանձնման մեխանիզմը շատ բարդ է, դրանով զբաղվում է Գլխավոր դատախազությունը:

Տեսանյութեր

Լրահոս