
«Այսպիսի գործողություններ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անում էին ադրբեջանցիները՝ թաքնվելով կանանց ու երեխաների ետևում». ԿԳ նախարարը՝ Արամ Սիմոնյանի մասին

«Այս տարվա հունվարի սկզբին, իր հետ խոսելուց հետո, ես անձամբ եկել եմ վարչապետի մոտ և ներկայացրել եմ, որ ԵՊՀ-ի 100-ամյակը պետք է նշենք և հատուկ հանձնարարական եմ ստացել՝ ԵՊՀ-ի 100-ամյակը մեծ շուքով նշելու վերաբերյալ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի հրավիրած գիտխորհրդի նիստին ու հայտարարություններին:
Ըստ նրա՝ ԵՊՀ-ի հարցով հանձնաժողովը դեռևս ստեղծված չէ, որովհետև ինքը նաև Թումանյանի 150-ամյակի և Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հնձնաժողովներն է ղեկավարում:
Ա.Հարությունյանը նշեց, որ եթե Ա.Սիմոնյանը մտահոգություններ ուներ, գիտխորհրդին պետք է ավելի շուտ ասած լիներ, իսկ այդ հապճեպությունն ու խուճապը հավանաբար պայմանավորված են նրա հետ, որ Սիմոնյանին հայտնի են դարձել նախորդ օրն իր դեմ հարուցված քրեական գործերի մասին:
Ռեկտորի պաշտոնից հրաժարական տալու իր հորդորի մասին նախարարը նշեց, որ դա եղել է երկար՝ մոտ 1.5 ժամ խոսակցության արդյունք. «Պարոն ռեկտորն էստեղ շատ ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում, իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեկական գործերն ինչ-որ ձևով քաղաքականացնելու համար: Բուհերն ապաքաղաքական են, քաղաքական որևէ ճնշումներ չեն կարող լինել: ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը և վարչության պետեր կան, որոնք ՀՀԿ անդամ են և նրանց հետ շատ նորմալ աշխատում են, այսինքն՝ եթե այստեղ քաղաքական խնդիր լիներ, ապա նրանք վաղուց այդ պաշտոնները չէին զբաղեցնի»:
Հարցին՝ կմասնակցի՞ Սիմոնյանը ԵՊՀ 100-ամյակի տոնակատարություններին, Ա.Հարությունյանը պատասխանեց, որ դա համալսարանի որոշելիքն է:
Ըստ նրա՝ իրենք ներքին ու արտաքին հստակ ուղերձներ են հղելու՝ ԵՊՀ-ի և Հայաստանի բարձրագույն կրթության առաջնահերթությունների վերաբերյալ.
«Քանի որ Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և բարձրագույն կրթության ոլորտներում, սրա շրջանակներում է եղել իմ մտահոգությունը: ԵՊՀ-ն ինքը թող որոշի՝ ուզո՞ւմ է ունենալ այդպիսի ռեկտոր»:
Նաև որպես ԵՊՀ դասախոս ու ԵՊՀ-ական տեսնում է ռեկտորի հրաժարականի անհրաժեշտությունը:
Էդ հորդորից հետո Սիմոնյանը պատասխանել է. «Ինձ 100-ամյակը չի հետաքրքրում, գնացեք դուք կազմակերպեք, նշեք, ինձ պետք է մնալ ռեկտոր, որովհետև եթե իմ դեմ քրեական գործեր հարուցվեն, ես պետք է ԵՊՀ-ն օգտագործեմ պաշտպանվելու համար:
Այսինքն՝ ինքը մի ամբողջ գիտխորհուրդ, բազմաթիվ դեկանների և բազմաթիվ գիտնականների իր համար վահան է սարքել: Այսպիսի գործողություններ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անում էին ադրբեջանցիները՝ թաքնվելով կանանց ու երեխաների ետևում»:
Հարությունյանի խոսքով՝ 6-րդ վարչությունը ԵՊՀ է մտել իրենց խոսակցությունից առաջ, այդ մասին իրեն Սիմոնյանն է ասել. «Գործադիր իշխանությունն իրավապահ մարմինների գործողություններին չի խառնվում, հատկապես՝ ԿԳՆ-ն»:
Նա խնդրեց, որ պրոռեկտորները մոտենան Ա.Սիմոնյանին և հարցնեն, թե նա ինչ կարծիք ունի նրանց մասին:
«Մի բոլ էլ Սերժ Սարգսյանից է բողոքել»,- հավելեց ԿԳ նախարարը: