
Նիկարագուայում ընդդիմության առաջնորդին դատապարտել են 216 տարվա բանտարկության

Նիկարագուայի դատարանն ընդդիմության առաջնորդ Մեդարդո Մայրենին, որը 2018 թվականին մասնակցել է հակակառավարական բողոքի գործողություններին, դատապարտել է 216 տարի եւ երեք ամիս բանտարկության: Այդ մասին հայտնել է Nuevo Diario հրատարակությունը: Մայրենը գյուղացիական շարժման առաջնորդն է, որը հանդես է գալիս Նիկարագուայում միջօվկիանոսյան ջրուղու կառուցման դեմ եւ գյուղացիների հողերը պահպանելու օգտին:
Նշվում է, որ դատավոր Էդգարդ Ալտամիրանոն դատավճիռը փետրվարի 18-ին հրապարակել է փակ դռների հետեւում: Դատավճիռը կայացվել է ըստ մի շարք մեղադրանքների, ներառյալ ահաբեկչությունն ու սպանություններ կազմակերպելու մեղադրանքը: Բացի այդ, բանտարկության են դատապարտվել եւս երկու ընդդիմադիրներ՝ Պեդրո Մենան եւ Լուիս Օռլանդո Իկաբալսետան:
Նրանք համապատասխանաբար ստացել են 210 եւ 159 տարվա բանտային կալանք: Ընդ որում՝ հրատարակությունը նշում է, որ դատապարտվածներից յուրաքանչյուրը բանտում պատիժը կկրի 30 տարի, քանի որ այդ ժամկետը, ըստ Նիկարագուայի օրենքների, առավելագույնն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: