Բաժիններ՝

«Կառավարությունը կամ մեր ժողովուրդն այս ծրագիրը պետք է չեղյալ համարի». «Հասարակական պաշտպանների միության» նախագահ

«ՀՀ կառավարության ծրագիրը չպետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է վերջին կառավարությունների ժամանակ։ Այսօր մեր կառավարման համակարգում ամեն ինչ խառնված է։ Օրինակ՝ Հայաստանում ասում են՝ պետական բյուջե, աշխարհում նման բան չկա, քանի որ Հայաստան պետությունը չի կարող բյուջե ունենալ, բյուջե կարող է ունենալ հանրությունը։ Պետական կառավարման մոդել դեռևս հստակ սահմանված չէ, քանի որ պետության տակ հասկանում են իշխանություն և կառավարություն, իշխանական թևերից որևէ մեկն իր բարձրության վրա չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հասարակական պաշտպանների միության» նախագահ Արամ Գրիգորյանը՝անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին։

Ըստ նրա՝ կառավարության ծրագիրը պետք է լինի կառավարության գործունեության ծրագիր, որը կնախանշի հետագա քայլերը և կբերի ռազմավարական ծրագրերի իրականացման։

«Կառավարության այս ծրագիրը ռազմավարականին մոտ է, սակայն կոնկրետ քայլեր նախանշված չեն, այսինքն՝ նախանշված չէ, թե Կառավարությունն ինչպես է իրականացնելու ծրագրում եղած հիմնադրույթները։

Այդ պատճառով էլ կառավարությունը կամ մեր ժողովուրդն այս ծրագիրը պետք է չեղյալ համարի, քանի որ այնտեղ նպատակները սխալ են դրված։ Կամ, ըստ նրա՝ պարտավոր են օրենքի ուժով իրականացնել ծրագրում նախանշված ռազմավարական ծրագրերը։

Առանց կառավարության հստակ կառուցվածքի՝ հաստատվել է հնգամյա ծրագիր, նման բան չի կարող լինել։ Տնտեսական հեղափոխության փոխարեն՝ մենք առաջարկում ենք իրականացնել կառավարման հեղափոխություն»,- ասաց Ա. Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կառավարման տրամաբանությունը սխալ է, և այն պետք է փոխվի իշխանական բոլոր թևերում։ Եթե այդ փոփոխությունը չլինի, Արամ Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանում որևէ դրական արդյունքի չեն հասնի, անկախ այն հանգամանքից, թե կառավարության ծրագրում քանի տոկոս տնտեսական աճ կգրեն։

Նրա բնորոշմամբ, կառավարության ծրագրում ակնհայտ են տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների մասով խնդիրները, որոնք Սահմանադրության մակարդակով լուծված են, սակայն, եթե սկզբունքը չի պահվում, ապա ամեն ինչ անիմաստ է դառնում։

Տնտեսագետ Լևոն Թումանյանը զերծ մնաց կառավարության ծրագիրը կոշտ քննադատելուց՝ հույս հայտնելով, որ այնտեղ իշխանություններն ինչ-որ բաներ դեռ կշտկեն։

«Նախկին համակարգն ուներ բազմաթիվ թերություններ, որոնց շտկումն այդքան էլ դյուրին չէ։ Սակայն նոր կառավարությունն արդեն մեկ տարի գործում է, բայց կառավարչական գործունեության վերաբերյալ ծրագրեր չկան։ Առ այսօր հստակ ձևակերպված չէ մեր պետության տեսլականը, թե ինչ պետություն են ցանկանում կառուցել և հետագայում երկարաժամկետ ծրագրերով ինչ են ցանկանում ունենալ: Տնտեսական զարգացման համար պետության դերն ավելի մեծ պետք է լինի, քան մասնավորինը»,- շեշտեց տնտեսագետը։

Տնտեսագետի խոսքով՝ ներկայիս իշխանությունն ընտրվել է ժողովրդի կողմից, ուստի սպասելիքներն ավելի շատ են, և եթե որևէ կերպ հիասթափվեն, կրկին արտագաղթ կլինի։ Այս ամենից խուսափելու համար պետք է կառվարման համակարգը փոխվի, հատկապես՝ տարածքային, որը պահանջում է հստակ օրենսդրական փոփոխություններ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս