Կկվի ուշացած կանչը
Երբ փոքր ժամանակ մայրս ինձ համար կարդում էր Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը և հասնում էր այն հատվածին, որ կկուն ժամանակից շուտ կանչում է, թեև փոքր լինելով՝ հասկանում էի, որ դա իրական չէ, և կկուն ձմեռը հաստատ չի կանչում: Բայց այդ հեքիաթից մի բան եմ լավ հասկացել, որ կկվի կանչելը որպես ժամանակ պայմանավորելն այնքան էլ լավ գաղափար չէ, որովհետև կկու է, կարող է՝ մի 5 օր էլ ուշ կանչի: Սակայն վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ կկուն ոչ միայն կարող է ձմռանը կանչել, այլև, իսկապես, կանչել 4-5 օր ուշացումով:
Այսպես, «168 Ժամ» թերթում և 168.am կայքում փետրվարի 14-ին հրապարակվեց «Բյուջե 2018-ի կատարողականը՝ աղաղակող կեղծիք» վերնագրով հոդվածը: Այն վերաբերում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից տարեվերջին կատարված գործարքներին, որի շնորհիվ հնարավոր է եղել 99.7 տոկոս կատարողական ապահովել: Ըստ հրապարակման՝ 2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով (կամ հաշվարկի ճշգրտում, կամ ստուգման ակտ, և այլն) մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. աոաջին երկու ամիսներին հետ վերադարձնելու պայմանով։ Միայն համեմատաբար խոշոր (100 մլն դրամից ավելի) մուտքագրումների մասով դեկտեմբեր ամսվա այդ օրերին արհեստականորեն եկամուտ է ճանաչվել շուրջ 21.0 մլրդ դրամ։ Ընդ որում, այդ գումարների մի մասը՝ 11.7 մլրդ դրամ, անմիջապես 2019թ. հունվար ամսին վերադարձվել է միասնական հաշվին։ Մյուս մասը, հավանաբար, կվերադարձվի փետրվար ամսին։ Այսպիսով, 2018թ. տարեկան պլանի թերակատարումը կազմել է նվազագույնը 24.6 մլրդ դրամ (21,0+3,6)։ Եվ այս ամենի վերաբերյալ փաստերով ներկայացված հոդվածում ներկայացվել են իրեղեն ապացույցներ, որոնք, թերևս, հնչեղ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսանում:
Այս հրապարակումից գրեթե անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրական խորհրդակցություն է անցկացնում ՊԵԿ ղեկավար կազմի հետ, իսկ իշխանական լրատվականներն էլ շտապում են ավետել, որ այս խորհրդակցությունով Փաշինյանը հարցը փակեց, Դավիթ Անանյանը կմնա ՊԵԿ նախագահ: Իրականում նորմալ երկրում նորմալ վարչապետը վերոնշյալ հրապարակումից հետո իրավապահ մարմիններին կհրահանգեր քննություն սկսել հարցը բացահայտելու համար, սակայն մեր երկրում կեղծիքից հետո խորհրդակցություն են անցկացնում, ձեռքի հետ էլ՝ գովում ՊԵԿ-ի աշխատանքը և ԶԼՄ-ների միջոցով մեսիջ ուղարկում, որ ՊԵԿ-ը լավ է աշխատում:
Իրականում, սակայն, վերոնշյալը ոչ այլ ինչ է, քան հավաստում, որ բացահայտված կեղծիքը կատարվել է ոչ միայն Փաշինյանի տեղեկացվածության պայմաններում, այլև վերջինիս հրահանգով և երաշխավորությամբ, իսկ այս ձևական խորհրդակցությունն էլ ոչ այլ ինչ էր, քան այդ կեղծիքի դիմաց պարգևատրում, քանի որ իրականում հենց Փաշինյանն է հրահանգել ամեն գնով ապահովել կատարողական, որովհետև մի ամիս հետո ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ինքը պետք է ի լուր աշխարհի ցնծությամբ հայտարարեր, որ ապահովել են 99.7 տոկոս կատարողական: Վարչապետն ասել է, իրենք էլ արել են… ոչինչ, որ մի փունջ օրենքներ, բառիս բուն իմաստով, քացու տակ են հայտնվել:
Երկրորդ կարևոր հարցադրումն այս հոդվածի զարգացումների հետ կապված՝ եղավ արդեն Ազգային ժողովում, երբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ուսումնասիրում են օրեր առաջ հրապարակած հոդվածը: «Պատրաստվում ենք ՊԵԿ-ից բացատրություն պահանջել»,- ասել էր նա: Հասկանում եք, փաստացի հրապարակվել է 24 միլիարդ դրամի կեղծիքի մասին տվյալներ, իսկ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահը դեռ ուսումնասիրում է:
Ավելին, ԱԺ-ում կառավարության ծրագիրն է քննարկվում, և որևէ մեկն աղաղակող այս փաստի մասին հարց չի ուղղում Փաշինյանին։ Այն դեպքում, երբ նրանք բոլորից լավ պետք է իմանան բյուջեի ամեն մի դրամի շարժը՝ ե՞րբ է եկել, ինչպե՞ս և ո՞ւր է գնալու: Իսկ իրենք դեռ ուսումնասիրում են…
Եվ միայն այս գործընթացի 5-րդ օրը, երբ բոլորին «հրահանգված» էր չխոսել այդ փաստի, այդ հրապարակման մասին, իսկ ՊԵԿ-ում գրեթե ոստիկանական ռեժիմ է հայտարարված, երբ անգամ թեման մոռացվում էր ընթերցողների կողմից, Թումանյանի հեքիաթի նման, կկուն կանչեց… ՊԵԿ-ը 5-օրյա լռությունից հետո որոշեց արձագանքել հրապարակմանը՝ իհարկե, առանց մեր լրատվամիջոցի անունը նշելու: Իհարկե, հարց է առաջանում, եթե հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, ինչպես ՊԵԿ-ի կողմից մեծատառերով նշված է պատասխան-արձագանքի մեջ, ապա ինչո՞ւ եք միայն 5 օր անց արձագանքում: Առավել ևս, որ այս 4-5 ամիսը շարունակ գլուխ են գովում իրենց օպերատիվությամբ:
Այն, որ ՊԵԿ-ը մասնագիտական տերմինոլոգիայով ու փաստերի տարափով կփորձի լղոզել իրավիճակը, ու, այսպես ասած, «կռուտիտներ» կփորձեր անել, դա բնական էր և սպասելի էր: Սակայն այստեղ պետք է փաստենք, որ միայն այն, որ գանձման գործընթացն իրականացվել է դեկտեմբերի 29-ին՝ շաբաթ օրը, այսինքն՝ ոչ աշխատանքային օրվա վերջին, արդեն փաստում է, որ այստեղ մի բան հաստատ այն չէ:
Պարոնայք, կապ չունի դուք տարվա ընթացքում քանի հազար ակտ եք մուտք արել, դրանցից քանիսն եք չեղարկել: Դեկտեմբերի 29-ը ոչ աշխատանքային օր էր, ու դուք այդ օրն անգամ գործարք իրականացնելու իրավունք չունեիք: Բայց քաջ գիտակցելով, որ թվերը երևում են տարբեր տեղերում, դուք ամենահարմար պահն եք ընտրել թվեր նկարելու համար:
Հաջորդը, որ դարձյալ չի տեղավորվում տրամաբանության մեջ՝ 4.5 միլիարդ դրամ արժողությամբ ստուգման ակտը չեղարկելն է` իբրև օպերատորի սխալ: Պարոնայք, ձեզ մոտ հաճա՞խ են այդպիսի օպերատորական սխալներ լինում, թե՞ ձեր պարգևավճարների ֆոնին 4.5 միլիարդ դրամն ընդհանրապես թիվ չի համարվում, ու կարելի է դրա պարագայում հանգիստ սխալվել:
Ու եթե այդքան վստահ ու ծավալուն բացատրություն եք գրել, ինչո՞ւ էիք 5 օր լռում։ Հրահանգված էր լռե՞լ, թե՞ 5 օր էր պետք թեման լավ լղոզելու համար: Մի քանի օր առաջ գլուխ էիք գովում, որ լավագույն մասնագետներն եք, որ դուք բոլորից լավ եք հասկանում, թե ինչպիսին պետք է լինի Հարկային օրենսգիրքը, բայց արի ու տես, որ ըստ ձեզ՝ իրականությանը չհամապատասխանող լուրերին պատասխանելու համար 5 օր ժամանակ է պետք:
Իրականում, ՊԵԿ-ը ոչ թե հերքում է փաստերով ներկայացված մեր հրապարակումը, այլ հայտարարում է, որ ներքին քննություն է սկսել հարկային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակած անձանց շրջանակը պարզելու և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսելու համար։ Այսինքն՝ կատարվածն այնքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ գտնեն՝ «ուտեչկան» որտեղի՞ց է։ Մամուլին՝ «168 Ժամին», այդ ո՞վ է տվել։ Այդպիսով, նրանք ևս մեկ անգամ հաստատում են մեր տեղեկատվության ճշմարտացիությունը։
Եվ վերջում, մնում է կրկին հիշել մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, ում ծննդյան 150-ամյակն է նշվում, մեկ այլ ստեղծագործություն` «Չարի վերջը», ու հիշեցնել իշխանությանը, որ թվեր նկարելով ու տնտեսության մասին անիրական լեգենդներ պատմելով՝ տնտեսական հեղափոխություն հաստատ չի լինելու, ու միակ ելքը, ինչպես ՊԵԿ-ի հաղորդագրությունն է եզրափակվում, մնալու է ճշմարտությունը խոսող թռչունների ետևից որս սկսելը:
Մաքսիմ Մուսինյան