Կոնվերս բանկը ներդրել է Շիրակի մարզի զարգացմանը միտված երկու վարկային պրոդուկտ
Շիրակի մարզում ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտների զարգացման նպատակով Կոնվերս Բանկը ներդրել է «Գյումրի» և «Գյումրի ագրո» վարկային պրոդուկտները: Դրանցից առաջինի՝ ՓՄՁ ֆինանսավորման «Գյումրի» պրոդուկտի շրջանակում նախատեսվում է տարածաշրջանում զբոսաշրջության (ներառյալ զբոսաշրջային ենթակառույցները), առևտրի ու սպասարկման ոլորտներում ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Start-Up ֆինանսավորում:
Վարկավորում իրականացվում է երեք արժույթով. դրամով՝ սկսած տարեկան 10.5 %, դոլարով՝ 8%, իսկ եվրոյով՝ 6 % դրույքաչափով: Վարկի մարման ժամկետը մինչև 120 ամիս է: Start-Up նախագծերի համար սահմանված է նաև մայր գումարի մարման՝ 24 ամիս արտոնյալ ժամկետի հնարավորություն:
«Պրոդուկտը հաճախորդներին է առաջարկվելու որպես բանկային ծառայությունների համալիր փաթեթի մի մաս, որի շրջանակներում վարկառուներին կտրամադրվի Բանկի այլ ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն: Մասնավորապես, «Գյումրի» վարկատեսակի շահառուների համար անվճար կլինի Կոնվերս Բանկի Intenet banking, Mobile banking ծառայությունների տրամադրումը, Կորպորատիվ քարտերի տրամադրումն ու սպասարկումը, PՕS տերմինալներ տեղադրման դեպքում մեկ տարի սպասարկման վարձ չի գանձվի և այլն»,- ասել են Կոնվերս Բանկում:
Գործարկված «Գյումրի ագրո» վարկատեսակով իրականացվելու է մինչև 84 ամիս մարման ժամկետով գյուղվարկավորում՝ դրամային վարկերի դեպքում սկսած 10.5%, իսկ ԱՄՆ դոլարով՝ 8 % տարեկան տոկոսադրույքով:
«Ներդրվող բանկային պրոդուկտներից կարող են օգտվել բոլոր այն անձինք, ովքեր ցանկություն կհայտնեն ներդրումներ իրականացնել Շիրակի մարզում: Ծրագրի պոտենցիալ շահառուներից կարևորում ենք հատկապես արտերկրում գործունեություն ծավալող Շիրակի մարզից գործարարներին, ովքեր մտադիր են վերադառնալ և իրենց գործունեությունը սկսել տարածաշրջանում: Ըստ որում, ՓՄՁ վարկավորման պարագայում մենք պատրաստակամ ենք ոչ միայն ֆինանսավորել ներդրումային ծրագրերը, այլև դրանց իրականացման ողջ ընթացքում տրամադրել անվճար բիզնես խորհրդատվություն», -ասել են Կոնվերս Բանկում:
Նշվել է, որ նման պրոդուկտների ներդրման մտադրության մասին Կոնվերս Բանկը հայտարարել էր ամիսներ առաջ՝ Բանկի Խորհրդի՝ Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ:
ՓՄՁ վարկավորման «Գյումրի» և «Գյումրի Ագրո» վարկատեսակների մանրամասները՝ համապատասխանաբար այս և այս հղումներով: