Ինչու է Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցրել պաշտպանությունը
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դադարեցնում է Մ. Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով.
«Նման մեղադրանքը անհիմն հերյուրանք լինելու պատճառով, մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին՝ ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հարազատների առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները սրիկա են»,- գրել էր փաստաբանը։
168. am-ի հետ զրույցում, մանրամասնելով իր հայտարարությունը, Արսեն Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանն իր մարտական ընկերն ու եղբայրն է, ուստի աննպատակահարմար է նրա պաշտպանությունը «զինվորի հաց յուրացնելու» մեղադրանքի մասով։
«Այդ մեղադրանքն արդեն «պայթել» է, այլևս նման բան հնարավոր չէ։ Այսինքն՝ սա նշանակում է, որ ցանկացած անձ, որը հիմնավոր կհամարի նման մեղադրանք, առնվազն ո՛չ իրավաբանությունից, ո՛չ պատմությունից, ո՛չ էլ հայ մարդկությունից գաղափար չունի։ Նրան առաջադրված այդ մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև՝ ծիծաղելի ու անորմալ է, ընկալելի ու ընդունելի չէ»,- ասաց Ա. Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին առաջադրված մյուս մեղադրանքներին, Արսեն Մկրտչյանը նշեց, որ այդ ամենը որպես ազատամարտիկ, իրեն այդքան էլ չեն հուզում։
Նրա խոսքով՝ միշտ Մ. Գրիգորյանի կողքին է լինելու, նախ՝ որպես ազատամարտիկ, այնուհետև՝ փաստաբան։
«Ինձ և ադեկվատ ազատամարտիկների համար ապացուցված եմ համարում այն փաստը, որ Մանվել Գրիգորյանի կողմից ազատամարտիկի, զինվորի հացը յուրացնելը ուղղակի հերյուրանք է»,- շեշտեց փաստաբանը։
Հարցին՝ արդյո՞ք այդ ամենը չպետք է ապացուցի նաև դատարանը, Արսեն Մկրտչյանը պատասխանեց՝ այն դատարանը, որը կլինի այլ կարծիքի, ադրբեջանամետ է. «Եթե տվյալ դատարանի դատավորը չի լինի Ադրբեջանի ներկայացուցիչ, ապա բացառվում է, որ հակառակ վճիռը կայացնի»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը։
Զվարթ Խաչատրյան