
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի և փոքր ու միջին ձեռնարկատիրությունների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծվեց

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիան հուշագիր ստորագրեցին՝ երկխոսության հարթակի ձեւավորման համար: Կողմերը հուշագիրը ստորագրեցին փետրվարի 15-ին խորհրդարանում:
«Ստեղծվում է մի հարթակ, որտեղ փոքր ու միջին բիզնեսին վերաբերող հարցերը հրատապ կքննարկվեն: Խնդրիրները մենք ի սկզբանե կկանխատեսնենք, որ մեծ ու անլուծելի չդառնան: Այս պահին համագործակցության հուշագիրը ստորագրում ենք 7 կազմակերպությունների հետ, բայց հետագայում կարող են նաև այլ կազմակերպություններ միանալ»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Հուշագրին կարող են միանալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 15 անդամների թվով կազմակերպություններ:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նշեց՝ փորձել են այնպես անել, որ փոքր ու միջին բիզնեսի շահերը ներկայացնող առնվազն հիմնական ներկայացուցիչները ներգրավվեն հուշագրի ստորագրման գործընթացում։ «Ներկայացված են ՏՏ-ի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտի կազմակերպություններից, առևտրաարդյունաբերական պալատից և այլ վայրերից»,-եզրափակեց Ավագյանը: