Իշխանությունները հղում են անում մի համաձայնագրի, որը կապ չունի հումանիտար առաքելության հետ. fip.am
2001 թվականի հայ-սիրիական համաձայնագիրը, որով իշխանությունները փորձում են հիմնավորել Սիրիա հումանիտար խմբի գործուղումը, որևէ կապ չունի նշված գործողության հետ:
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ է մեկնել Սիրիա։
Չփորձելով կասկածի տակ դնել Սիրիայում մարդկանց հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ մենք արդեն պարզեցինք, որ խմբի կազմում կան նաև ռազմական ոստիկանության ծառայողներ, ինչն արդեն իսկ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի խախտում է:
Համաձայնագիր
Ու քանի դեռ ՀՀ իշխանությունները, հղում անելով 2001 թվականին Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին, պնդում են, որ ապահովված է գործողության իրավական հիմքը, մենք պարզեցինք հակառակը:
Այսպիսով, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Արտաքին գործերի նախարարությունից ստացավ նշված համաձայնագրի պատճենը, որի ուսումնասիրությամբ միանգամից պարզ դարձավ, որ այն չէր կարող հիմք հանդիսանալ Սիրիա նման խումբ ուղարկելու համար:
2001թ․ օգոստոսի 27-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից Դամասկոսում:
Կարգավորման առարկան
Համաձայնագրի 2-րդ հոդվածը սահմանում է համագործակցության բնագավառները, իսկ 3-րդ հոդվածը՝ համագործակցության իրականացման ձևերը:
Այսպիսով, համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված է, որ «կողմերը ռազմատեխնիկական համագործակցություն են իրականացնում հետևյալ բնագավառներում և ուղղություններով․
— ռազմական գիտության և տեխնիկական զարգացման հարցերով փորձի փոխանակման,
— գիտատեխնիկական համատեղ հետազոտությունների,
— ռազմական և տեխնիկական անձնակազմերի որակավորման։
Կողմերը փոխադարձ պայմանավորվածության դեպքում կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում։»
Հենց այս վերջին ձևակերման վրա հղումով են պաշտպանական գերատեսչությունից հիմնավորում հումանիտար խմբի ուղարկումը: Սակայն այդ ձևակերպմամբ նույն հաջողությամբ կարելի կլիներ հիմնավորել համագործակցությունը ցանկացած ոլորտում, եթե չլիներ իրավական ակտի (տվյալ դեպքում՝ միջկառավարական համաձայնագրի) կարգավորման առարկան:
Իսկ տվյալ համաձայնագիրը՝ իր նախաբանով և 1-ին հոդվածով, ամրագրում է, որ դրա նպատակն է երկու երկրների պատշտպանությունը՝ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության զարգացման միջոցով: Այսինքն, այս պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ որևէ գործողության, բացառությամբ ռազմատեխնիկական համագործակցության:
Համագործակցության իրականացման ձևը
Ավելին, համաձայնագրի 3-րդ հոդվածը ամրագրում է, որ «…համագործակցությունը կիրականացվի հետևյալ ձևորով՝
— փոխադարձ պաշտոնական և աշխատանքային այցերի և խորհրդատվությունների,
— տեխնիկայի և զորավարժությունների ցուցադրման նպատակով փոխադարձ այցելությունների,
— համագործակցության ոլորտներին համապատասխան համատեղ աշխատանքային խմբերի ստեղծման,
— ռազմադիվանագիտական խողովակներով փաստաթղթերի և տեղեկատվության փոխանակման»:
Ինչպես տեսնում եք, այստեղ հումանիտար (ոչ համատեղ) խմբի ուղարկում կամ այն ներառող որևէ գործողություն թվարկված չէ: Այսինքն, եթե անգամ աչք փակենք այն հանգամանքի վրա, որ համաձայնագրի կարգավորման առարկան և դրանով ամրագրված համագործակցության բնագավառների սպեկտրը որևէ կապ չունի հումանիտար խմբի ուղարկման հետ, միևնույնն է, խումբը չէր կարող ուղարկվել, քանի որ համագործակցության իրականացման նման ձև նախատեսված չէ:
Համաձայնագիրը հրապարակված է այստեղ:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական գործողությունները սկսել են 2011 թվականին, երբ արաբական այդ երկրի իշխանությունները զինված ուժեր օգտագործեցին ընդդիմության հանրահավաքները ցրելու համար: 2015 թվականից սիրիական հակամարտության հիմնական կողմերից է Ռուսաստանը, որի խնդրանքով էլ Սիրիա է մեկնել հայկական հումանիտար խումբը: